Facebook–ի նոր հավելվածը զերծ կպահի իր օգտատերերին տհաճ իրավիճակներից
Աշխարհի ամենախոշոր սոցկայքը՝ Facebook-ը, մոտ ապագայում կարող է կիրառության մեջ դնել հանրահայտ Snapchat ծառայությանը նման մի հավելված, որը կապահովի նամակագրության, ուղարկված լուսանկարների և տեսանյութերի գաղտնիությունը, հայտնում է Вести-ն։
Շատ հաճախ պատահում է այնպես, որ սիրահար զույգերն իրար են ուղարկում ինտիմ բնույթի լուսանկարներ կամ տեսանյութեր, սակայն բաժանումից հետո կողմերից մեկը, վրեժ լուծելու նպատակով, հրապարակում է համացանցում վարկաբեկող նյութեր։ Ահա նմանատիպ տհաճ իրավիճակներում հայտնվելուց իր օգտատերերին զերծ պահելու համար Facebook-ը ցանկանում է կիրառել նոր հավելվածը։
Որևէ նկար կամ տեսանյութ ուղարկելու հետ մեկտեղ օգտատերը կարող է հստակ ժամ դնել, ինչից հետո ուղարկված նյութերն ինքնըստինքյան ջնջվում են՝ մնալով միայն դրանք դիտած մարդու հիշողության մեջ։ Իսկ եթե ուղարկված նիշքը (ֆայլը) ստացողը ցանկանում է դրա սքրինշոթն անել, ապա ուղարկողն այդ մասին համապատասխան ծանուցում է ստանում։
Facebook-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նոր հավելվածը հասանելի կլինի մոտակա մի քանի շաբաթների ընթացքում։










