Գարեգին Բ–ն ընդունել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին, տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ է կատարել նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքն է հայտնել նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար:
Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացել հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին:










