«Լա Սկալա»-ն հետաձգել է նոր բալետային սեզոնի բացումը՝ արտիստների գործադուլի պատճառով
Միլանի «Լա Սկալա» թատրոնը հետաձգել է նոր բալետային սեզոնի բացումը դերասանների գործադուլի պատճառով։ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 19-ին, հետաձգվել է, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով La Stampa թերթին։
«Թատրոնի ղեկավարությունը ստիպված է հայտնել, որ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը, որով պետք է տեղի ունենար Corpo di ballo-ի (թատրոնի հայտնի բալետային խմբի) սեզոնի բացումը, չի կայանա՝ արհմիությունների գործադուլի պատճառով»,- ասվում է թատրոնի ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ։
Թերթի համաձայն՝ գործադուլ են անում Cgil, Uil և Fials արհմիությունները։
Մասնավորապես, արտիստները պահանջում են, որպեսզի երգչախմբում երգելը, որն ուղեկցվում է անհարմար կոստյումներով պարերով, վճարվի առանձին։ Սակայն ղեկավարությունը պնդում է, որ խմբի հետ պայմանագիրը չի ենթադրում լրացուցիչ պարգևատրումներ։










