Maserati-ն պատրաստվում է Porsche Macan-ին մրցակից շքեղ քրոսովեր թողարկել
Maserati ընկերության մոդելային գամման կարող է ընդլայնվել կոմպակտ քրոսովերով, որը պետք է վերջերս ավտոսրահներում ներկայացված Levante արտաճանապարհայինից մեկ աստիճան ցածր դիրքավորվի, հաղորդում է vesti. ru-ն:
Նշենք, որ Maserati-ի մեծածավալ քրոսովերը պետք է վաճառքի հանվի 2014թ.: Նրա նախատիպը սկզբում ներկայացվել էր Kubang անվանումով, իսկ սերիական մոդելը, որը նախագծվել է Jeep Grand Cherokee-ի շասիի կիրառմամբ, ստացել է Levante անվանումը:
Ընկերության փոքրածավալ լիաքարշակ քրոսովերի համար իտալացիները նույնպես նախատեսում են օգտագործել այլ մեքենայի հենահարթակ` տվյալ պարագայում որպես թեկնածու դիտարկվում է շասսին, որն ընկած է Dodge Dart-ի և Fiat Viaggio-ի հիմքում: Այսպիսով՝ Maserati-ի փոքրածավալ լիաքարշակ քրոսովերը կարող է ապագա Jeep Liberty-ի համահենահարթակակիրը դառնալ:
Դեռևս ստույգ տեղեկություներ չկան մեքենայի ուժային ագրեգատների վերաբերյալ: Բացառված չէ, որ շարժիչային տեսականին ևս կարող է վերցվել Dodge Dart-ից, որն ԱՄՆ-ում համալրվում է երեք տիպի բենզինային 4 գլանային շարժիչներով` 160-ից մինչև 180 ձիաուժ տիրույթում:
Մեքենայի հիմնական մրցակիցներ են դիտարկվում Audi Q5-ը և Porsche Macan-ը:
Նախնական տվյալներով՝ դեռևս անանուն այդ քրոսովերի թողարկումը նախատեսվում է 2016թ.:










