Իսրայելը քաղաքային պայմաններում օգտագործման համար նոր սերնդի թեթև տանկեր է ստեղծում
Իսրայելի պաշտպանության նախարարությունը մտադիր է մոտ ապագայում սկսել նոր սերնդի թեթև տանկերի նախագծման ծրագիրը: Նախատեսվող զրահամեքենաները պետք է հարմարեցված լինեն քաղաքային պայմաններում մարտեր մղելուն, հաղորդում է Defense News-ը:
Նոր, թեթև տանկերը պետք է սպառազինության տակ դրվեն 2020թ. հետո: Զրահատեխնիկայի հեռանկարային ընտանիքը կոչվել է Rakiya («երկնակամար»), այն կստեղծվի իսրայելական հիմնական Merkava Mk.4 տանկի բազայի վրա և դրա տեխնոլոգիաների մի մասի կիրառմամբ:
Ակնկալվում է, որ տանկերի նոր ընտանիքի պահանջները ձևակերպված կլինեն 2013թ. հունվարին: Չնայած պահանջների վերջնական ցանկը դեռ հաստատված չէ, սակայն հայտնի է, որ թեթև զրահամեքենաները, ամենայն հավանականությամբ, անիվային շասսի կստանան:
Հիմնական դոնոր Merkava Mk.4-ից, որը մոտ 65 տոննա քաշ ունի, Rakia-ն կրկնակի թեթև կլինի, հետևաբար նաև շատ ավելի արագագնաց ու մանյովրային:
Rakia զրահամեքենաները կհամալրվեն ակտիվ և պասիվ պաշտպանությամբ:
Rakiya-ն կստանա կապի նորագույն համակարգեր և ինտեգրված կլինի միասնական թվային կառավարման համակարգում:










