Հնագետները բացահայտել են Ռամզես 3-րդ փարավոնի մահվան գաղտնիքը

11:55 • 18.12.12

Մումիաների ուսումնասիրությամբ զբաղվող իտալական Բոլցաո քաղաքի ինստիտուտի հնագետները, հետազոտելով Ռամզես 3-րդ փարավոնի և նրա որդու մումիաները, հանգել են այն եզրակացության, որ փարավոնը մահացել է դավադրության հետևանքով։ Ըստ ամենայնի, Ռամզես 3-րդի մահը վրա է հասել, երբ կտրել են նրա կոկորդը, գրում է Newsru.com կայքը՝ հղում անելով BBC-ին։

 

Մասնագետները փարավոնի մումիան անցկացրել են տամոգրաֆիկ սարքի միջով, ինչի արդյունքում հայտնաբերվել է կոկորդի հատվածում առկա 7 սմ երկարությամբ կտրված վերք։ Այդ խորը վերքը կտրել է փարավոնի շնչափողը և բոլոր խոշոր արյունատար անոթները։ Վերքի ներսում հայտնաբերվել է հմայիլ (амулет), որը խորհրդանշել է փարավոնի իշխանությունը և վկայում է, որ վերքը չի ապաքինվել մինչ մումիֆիկացումը։

 

Համաձայն ժամանակագրական աղբյուրների՝ Եգիպտոսի փարավոնին սպանել են սեփական որդին՝ Պենտավերը, և Ռամզեսի կանանցից մեկը՝ Թեյեն։ Նախքան այս, հնագետներն ու պատմաբանները չէին կարողանում պարզել, թե արդյոք Ռամզես 3-րդին սպանել են դավադիրները, թե երկրում պարզապես հեղաշրջում է տեղի ունեցել։ Արդյունքում հաստատվեց, որ Ռամզես 3-րդին մ.թ.ա. 12-11-րդ դարում սպանել է սեփական որդին։

 

Իսկ փարավոնի որդու մումիան նույն մեթոդով զննելուց հետո պարզվել է, որ նրան ողջ-ողջ են թաղել, կամ էլ թաղելուց առաջ խեղդամահ են արել։
 

Հնագետները բացահայտել են Ռամզես 3-րդ փարավոնի մահվան գաղտնիքը