ՀՀ սփյուռքի նախարարը Վենետիկում մասնակցել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին
Դեկտեմբերի 16-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Վենետիկի Մխիթարյան Միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին` նվիրված Հայ գրատպության 500–ամյա հոբելյանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, միջոցառումների մեկնարկը տրվել է դեկտեմբերի 16–ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ հայ գրատպության նվիրյալների հոգիների հանգստության համար մատուցվել է Սուրբ պատարագ:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացրել Սուրբ Ղազարում բացված` տպագրության հնագույն սարքերի և գործիքների ցուցադրությունը: Մասնակիցները կարևորել են հայ գրքի հայտնի տպագրական կենտրոններից մեկի պահպանումը և համալրումը նոր ցուցանմուշներով: Այդպիսով այն կդառնա հայ տպագրության յուրօրինակ թանգարան, հայկական մշակույթի կարևոր անձնագիր, համահայկական նշանակալի գործի սկիզբ, այցեքարտ կղզի այցելողների համար:
Նախարարը բացման խոսքում գնահատել է Մխիթարյանների անուրանալի ներդրումը հայ գրատպության զարգացման գործում և նշել, որ ՀՀ նախագահի հովանավորությամբ և աջակցությամբ շուտով կսկսվեն Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքները:
Երեկոյան Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սրահում տեղի է ունեցել «Գասպար Եդեսացի» համույթի «Պայծառ Նաիրի» երաժշտական-բանաստեղծական պիեսի բեմադրությունը: Իտալացի երիտասարդները ներկայացրել են հայ բանաստեղծների և երգահանների ստեղծագործությունները հայերենով:
ՀՀ սփյուռքի նախարարն իր ողջունի խոսքում շնորհակալություն է հայտնել համույթի իտալացի անդամներին բարձրարվեստ կատարումների համար: Նա միջոցառումը գնահատել է որպես հայ-իտալական մշակութային բարեկամության լավագույն օրինակ:
Դեկտեմբերի 17–ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության կողմից կազմակերպված «Հայ գրքի հետքերով» խորագիրը կրող գիտաժողովը, որին մասնակցել են հայ և այլազգի գիտնականներ, հայագետներ:
Բացման խոսքով ելույթ է ունեցել Մխիթարյան Միաբանության ընդհանրական աբբահայր գերաշնորհ հայր Եղիա վրդ. Քիլաղպյանը:
Գիտաժողովում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձել է Մեսրոպյան գյուտից հետո հայ ժողովրդի հոգևոր կյանքում Վենետիկում առաջին գրքի նշանակությանը, ևս մեկ անգամ արժևորել Հակոբ Մեղապարտի` հայ հոգևոր և աշխարհիկ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդը, ներկայացրել հայ գրքի անցած ճամփան և նախանշել բարձր տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօրվա անելիքները:
Ելույթներով հանդես են եկել պրոֆեսորներ Ռուդի Կորեան, Քլոդ Մութաֆյանը, Ագնես Ուզունյանը, Ռայմոն Գեորգյանը, Հ.Վահան Վրդ, Օհանյանը և այլ հայտնի գիտնականներ:
Գիտաժողովով ավարտվել են ուղիղ մեկ տարի առաջ հայ գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք սկսվել էին Վենետիկում` հայ առաջին գրքի ծննդավայրում, ՀՀ Նախագահի մասնակցությամբ:
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը և Մխիթարյան Միաբանությունը համատեղ հիմնել են Հակոբ Մեղապարտի հուշամեդալը, որը հանձնվելու է հայ գրատպության պատմության մեջ մեծ ավանդ ունեցող գործիչներին:
Հակոբ Մեղապարտ հուշամեդալի պատրաստումը հովանավորում է «Զանգակ» հրատարակչությունը, որը Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկն է:










