Չինաստանը հաջողությամբ թուրքական արբանյակ է արձակել տիեզերք
Չինաստանը երեկ հաջողությամբ տիեզերք է արձակել թուրքական արբանյակը, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը՝ Xinhua գործակալությանը հղումով։
Չինական կողմի տվյալներով՝ արբանյակն արձակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան տիեզերական կայանից։
Սարքը, որը ստեղծվել է թուրք մասնագետների կողմից, կօգտագործվի էկոլոգիայի պահպանման, աշխարհագրա-հետախուզական աշխատանքների համար՝ ուղղված քաղաքաշինական, աղետների հետազոտման և հետևանքների վերացման աշխատանքներին։
Արբանյակի արձակման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2011թ.-ի մայիսին։
Թուրքական արբանյակի արձակումն այս տարվա ընթացքում Չինաստանից տիեզերք ուղարկված վերջին օբյեկտը կլինի։
2012թ.-ի ընթացքում ՉԺՀ-ն իրականացրել է նման 19 գործողություն, որի ընթացքում տիեզերք է ուղարկվել 28 տիեզերական սարք։
Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանը 2013թ.-ի ընթացքում նախատեսում է տիեզերք ուղարկել շուրջ 20 արբանյակ։










