Ճապոնիայում հայտնաբերվել են աղոթող մարտիկի մասունքներ
Ճապոնիայի Գումա պրեֆեկտուրայի Հարունա հրաբխից ոչ հեռու հնէաբանները հայտնաբերել են 6-րդ դարի ռազմիկի մասունքներ, ում հագին եղել է իր ժամանակի համար բացառիկ հագուստ, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Մասունքները հայտնաբերվել են այդ վայրում ճանապարհի կառուցման ժամանակ։
Գիտնականների կարծիքով՝ կմախքը լավ է պահպանվել, քանի որ թաղված է եղել հրաբխային մոխրի տակ։ Այն պահին, երբ ռազմիկին ծածկել է տաք հրաբխի մոխիրը, նա ծնկաչոք նայել է հրաբխի ուղղությամբ. հավանաբար, աղոթել է կամ փորձել հանգստացնել տարերքը, ենթադրում են գիտնականները։
Հնէաբանները նշում են, որ մարտիկի հագուստը բացառիկ է, ինչից էլ նրանք ենթադրում են, որ նա կարող է բարձրաստիճան զինվոր լինել կամ տեղի կառավարիչ։
Տղամարդու կմախքի կողքին հնէաբանները հայտնաբերել են նաև երեխայի մասունքներ։ Գիտնականները դեռևս չգիտեն, թե ինչ կապ կա նրանց միջև և պատրաստվում են ուսումնասիրել նրանց ԴՆԹ-ները՝ հնարավոր բարեկամական կապը պարզելու համար։










