Պուտինն ինձ արդեն ռուսական անձնագիր է ուղարկել. Դեպարդիե

13:46 • 19.12.12

Ֆրանսիայի քաղաքացիությունից վերջերս հրաժարված աշխարհահռչակ կինոդերասան Ժերար Դեպարդիեն պարծեցել է, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ռուսական անձնագիր է ուղարկել, հայտնում է Euromag-ը։

 

Դերասանը նշել է, որ կա առնվազն 3 երկիր, որոնք ցանկանում են ընդունել իրեն. Բելգիան, որտեղ Դեպարդիեն արդեն տուն է գնել, Մոնտենեգրոն, որտեղ դերասանը բազմաթիվ ընկերներ և սեփական բիզնես ունի և Ռուսաստանը, որի նախագահը, ըստ Դեպարդիեի պնդման, իրեն արդեն անձնագիր է ուղարկել։

 

Euromag-ն ընդգծում է, որ ֆրանսիացի դերասանը կանոնավոր կերպով այցելում է Ռուսաստան և բավական ջերմ հարաբերություններ ունի նախագահ Պուտինի և Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։ Ի դեպ, վերջինի ծննդյան առթիվ Դեպարդիեն «կոտրած» ռուսերենով ասել է «Փա'ռք Չեչնիային, Փա՛ռք Կադիրովին»։

  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Դեպարդիեն Ֆրանսիան լքելու և քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը սահմանեց 75% հարկ նրանց համար, ովքեր տարեկան 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ունեն։