Հայտնաբերվել են Ռոմանովների ընտանիքին պատկանող, նախկինում անհայտ 4 զարդերի լուսանկարները (լուսանկարներ, տեսանյութ)

15:04 • 19.12.12

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հազվագյուտ գրքերի բաժնում հայտնաբերվել է 1922 թ. լույս տեսած ալբոմը՝ «Ռուսական ադամանդե ֆոնդ»-ը, որտեղ էլ գտել են ռուսական վերջին կայսերական ընտանիքին՝ Ռոմանովներին, պատկանող նախկինում 4 անհայտ անգին զարդերի լուսանկարները։ Այս մասին տեղեկացնում է ծառայության կայքէջը։

 

Ստորև ներկայացված լուսանկարները բացառիկ են նրանով, որ նախքան այս, դրանք ներառված չեն եղել ռոմանովյան զարդերի պաշտոնական կատալոգում, որը լույս է տեսել 1925 թ., իսկ դրա կրկնօրինակն այժմ պատկանում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը։

 

Նորահայտ լուսանկարներում պատկերված են շափյուղայով և ադամանդներով զարդարված դիադեմ, սուտակապատ թևնոց, զմրուխտյա վզնոց և շափյուղայով զարդարված բրոշ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված բրոշը վաճառվել է 1927 թ.՝ Լոնդոնում, իսկ մյուս 3 զարդերի ճակատագիրը հայտնի չէ։

 

Կատալոգում տեղ գտած բոլոր զարդերն առգրավվել են փետրվարյան հեղափոխությունից և Ռոմանովների ընտանիքի անդամների գնդակահարությունից հետո։