Վենետիկի 55-րդ բիենալեին Հայաստանը գուցե չմասնակցի. Մշակույթի նախարարությունն ասում է՝ իրենք մեղավոր չեն
2013 թ հունիս-նոյեմբեր ամիսներին կայանալիք հարյուրամյա պատմություն ունեցող Վենետիկի ժամանակակից արվեստի 55-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը հարցականի տակ է:
Արվեստագետները թերացման համար մեղադրում են ՀՀ մշակույթի նախարարությանը և պնդում, որ նախարարության համապատասխան մարմինները կազմակերպչական աշխատանքում պասիվություն են ցուցաբերել։
«Վարչական ճանապարհով, իշխանության ստրուկտուրայի ներսում իրականացվում են գործառույթներ, և ոչ մասնագետներն են որոշում մասնակցության ձևաչափը»,- ասաց արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը և իր խոսքերը հաստատելու համար նշեց, որ նախարարությունն իր կայքում արվեստագետներին հայտ ներկայացնելու համար ընդամենը 26 օր ժամանակ է տվել, ինչն, ըստ նրանց, անհնար է նման կարևոր միջոցառմանը պատրաստվելու համար:
«Եթե անգամ արվեստագետները պարբերաբար հետևում են կայքին, իրենք ընդամենը 26 օր ունեն պատրաստվելու համար»,- ասաց նա և տեղեկացրեց, որ պետությունը պետք է զբաղվի կազմակերպչական աշխատանքներով, այսինքն` Իտալիայում տաղավար վերցնի և հոգա մասնակցության հարցը, իսկ թեման պետք է որոշի նախապես ընտրված հանձնակատարը, ով հանձնաժողով պետք է ձևավորի և զբաղվի թե՛ արվեստագետների հայտերով և թե՛ միջոցներ հայթայթի:
Մինչդեռ, ըստ նրա, նախարարությունը ծանուցման կարգով նշել է, որ ինչ-որ երաժշտական մաս է նախատեսվում: «Տաղավարի աշխատանքների ակտիվությունն ապահովելու համար նախատեսվում է ցուցադրությունն ուղեկցել համապատասխան երաժշտական կատարումներով»,- կայքի հայտարարությունն ընթերցելով նա նկատեց, որ սա արդեն իսկ հուշում է, որ կա որոշակի նախատեսված ծրագիր:
Ասուլիսին ներկա Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը բացատրեց, որ թեմային միջամտել են միայն ժամկետներից ելնելով՝ բարի նպատակներով, իսկ ուշացումով են հայտարարությունը տեղադրել կայքում, քանի որ պաշտոնապես հրավեր չեն ստացել:
«Ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ նախարարությունը որևէ պաշտոնական հրավեր չի ստացել Վենետիկի բիենալեի կողմից»,- ասաց նա և նշեց, որ ինքը փաստաթղթով է եկել և որպես ապացույց ցույց տվեց, որ իրենք անհանգստանալով, որ հրավեր չեն ստացել, նամակ են ուղարկել Վենետիկ, որտեղից պատասխանել են, որ հոկտեմբերի առաջին օրերին հրավերը դեսպանատուն են ուղարկել, որից հետո էլ արդեն հայտարարությունը տեղադրել են կայքում:
Նա նշեց, որ հայտեր չեն ստացել այս երկու ամիսների ընթացքում էլ և իր հերթին մեղադրեց ասուլիսին ներկա արվեստագետներին, որ հայտարարությունը տեսնելուց հետո հայտ ներկայացնելու փոխարեն անհիմն մեղադրանք են ներկայացում:
«Ծանուցումը դնելուց հետո ոչ մի հայտ չունեցանք, որոնք պարտավոր էին անել: Սա ուղղակի միտումնավոր են կազմակերպել»,- ասաց նա:
Արվեստագետներից մեկը հակադարձեց. «Ես զանգել և հարցրել եմ Հայաստանի համար տաղավար ունե՞ք ապահոված, ասել են՝ ոչինչ չունենք ասելու: Ես ստեղծագործող մարդ եմ, ինչպե՞ս պետք է հայտ ներկայացնեմ, որտեղ հեղհեղուկ վիճակ է»:
Վերջում նախարարության ներկայացուցիչը նշեց, որ սարսափելի բան չկա, որ երկիրն այս անգամ չմասնակցի Վենետիկի բիենալեին:
«Ավելի ավ է չմասնակցել, քան ոչ պատշաճ կերպով մասնակցել»,- ասաց նա, ինչին արվեստագետները հակադարձեցին՝ օրինակ բերելով հարևան Վրաստանին, երբ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախորդ տարի անձամբ էր գնացել սեփական երկրի տաղավարը բացելու:
Կողմերը որոշեցին նախարարությունում հանդիպել և տեսնել, դեռ հնարավո՞ր է ինչ-որ բան անել, թե՝ ոչ:










