Միշել Լեգրանը Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունը պատրաստվում է ներկայացնել Հայաստանում
Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, ավելի քան 200 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Միշել Լեգրանը Փարիզից ժամանել է Դոնի Ռոստով՝ ընդամենը մեկ համերգ տալու։
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, մաեստրոն այստեղ հանդիպել է երկրպագուների և հայ համայնքի որոշ անդամների հետ։
Ինչպես և ենթադրվում էր, համերգի տոմսերը վերջացել են՝ միջոցառումից դեռևս մեկ ամիս առաջ։
Հայ համայնքի ներկայացուցիչները մաեստրոյին հրավիրել են տոնական ընթրիքի, սակայն նա հրաժարվել է. տարիքը չի ներում։
«Աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ ելույթ եմ ունեցել, եղել են հայեր, որ ինձ հրավիրել են իմ պատվին տրվող ընթրիքի։ Երբ ես երիտասարդ էի, հաճույքով էի ընդունում հրավերները։ Սակայն տարիներն անցնում են, ես հոգնում եմ համերգից հետո և ստիպված եմ լինում հրաժարվել նման արարողություններից։ Ես արդեն 80 տարեկան եմ»,-ասել է նա։
Երաժիշտը տեղեկացրել է, որ հաջորդ տարի պատրաստվում է համերգ տալ Հայաստանում։
Միշել Լեգրանը ցանկանում էր իր հետ Հայաստան բերել իր նոր երաժշտական ստեղծագործությունը, որը նվիրված է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչից տուժել են նաև Լեգրանի՝ մորական կողմի հարազատները։
«Այն իմ ունկնդրի համար անսովոր կլինի։ Անունը դեռ չեմ մտածել, սակայն չեմ բացառում «Հայաստանի ռեքվիեմ» տարբերակը։ Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում, սարսափելի է»,-ասել է նա։










