Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգն այս անգամ պատճենել է աշգաբադցի մի երգիչ (տեսանյութ)
Երգիչ Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգը ( երաժշտությունը՝ Ռիչարդ Մադլենյանի, խոսքերը՝ Մանե Հակոբյանի), որ թողարկվել է 2011-ին, այս անգամ պատճենել է աշգաբադցի մի երիտասարդ կատարող: Աշգաբադցի երգիչը՝ Նազիր Խաբիբովը, երգի վերնագիրը թողել է նույնը՝ «Վայ-վայ»։ Տեսահոլովակն արդեն աշգաբադցի երգչի youtube-յան էջում է: Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գոյություն ունի երգի նաև վրացական տարբերակը:
Արմեն Մովսիսյանը միաժամանակ նշեց, որ իրենք շատ բացասականորեն տրամադրված չեն երևույթի նկատմամբ ու այն գնահատում են նորմալ: Այնուամենայնիվ, նա նշեց, որ քայլեր անել պատրաստվում են:
«Իհարկե սա հակասում է հեղինակային իրավունքի մասին օրենքին: Մենք կփորձենք կապ հաստատել նրանց հետ ու պահանջել, որ նշեն, թե ովքեր են երգի հեղինակները: Դեռևս չենք կարողացել կոնտակտներ գտնել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռևս տարվա սկզբին Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգը պատճենվել էր ադրբեջանցի երգիչներ Ֆարիդ Դադաշովի և Ալի Ալիևի կողմից:
«Եթե ադրբեջանցիների դեպքում մենք ինքներս yօutube-ից հանեցինք տեսահոլովակը, ապա աշգաբադցու դեպքում, կխնդրենք, որ իրենք իրենց ձեռքով հանեն երգը»,- ասաց նա:










