Հյու Գրանտն իր հեռախոսը գաղտնալսած պարբերականից խոշոր փոխհատուցում ստացավ

01:00 • 22.12.12

Բրիտանացի դերասան Հյու Գրանտը և ներկայում փակված News of the World պարբերականի հրատարակիչները դատական կարգով կարգավորել են կոնֆլիկտը, որը կապված էր պարբերականի լրագրողների կողմից դերասանի հեռախոսազրույցների գաղտնալսումների հետ: Գրանտը համաձայնել է «խոշոր չափի գումար» ընդունել պատճառված վնասի դիմաց, ասվում է դերասանի դատապաշտպան Մարկ Թոմսոնի ուրբաթ տարածած հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

«Հյու Գրանտը այսօր կարգավորեց վեճը և լուծեց բոլոր իրավաբանական հարցերը, որոնք կապված են News of the World-ի լրագրողների անօրինական գործողությունների հետ: News Group Newspapers հրատարակչությունը համաձայնեց նրան զգալի գումար վճարել: Դերասանը հանձնարարել է այդ գումարը փոխանցել Hacked Off հասարակական նախաձեռնության հաշվեհամարին` ԶԼՄ-ների ազատության և լրագրողական պատասխանատվության պայքարի համար», - ասվում է հայտարարության մեջ:


Փոխհատուցման ճշգրիտ գումարը չի հայտարարվում: Hacked Off հասարակական նախաձեռնությունը սկսել են մարդիկ, ովքեր բրիտանական պարբերականների գաղտնալսումների զոհ են դարձել: Հյու Գրանտը նախաձեռնության ակտիվիստներից է: