Newsweek շաբաթաթերթը կհրապարակվի միայն էլեկտրոնային տարբերակով
Այսօր հրատարակվել է ամերիկյան Newsweek շաբաթաթերթի վերջին տպագիր օրինակը: Շապիկի վրա տեղադրվել է պարբերականի նյույորքյան գրասենյակի սև-սպիտակ նկարը: Newsweek-ի մյուս օրինակները այսուհետ կտարածվեն էլեկտրոնային տարբերակով, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Հրատարակչությունը հիմնադրվել էր 1933 թվականին` Time ամսագրի նախկին հայտնի խմբագիր Թոմաս Մարտինի կողմից: Նրա ղեկավարության տակ շաբաթաթերթը շատ արագ հեղինակություն է նվաճում և հայրենիքում և նրա սահմաններից դուրս:
2010 թ. օգոստոսին միլիարդատեր Սիդնի Հարմանը Washington Post կազմակերպությունից գնում է Newsweek-ը: Գործարքի արժեքը կազմել էր 1 դոլար, սակայն գործարարը պարտավորվել էր իր վրա վերցնել շաբաթաթերթի ֆինանսական պարտավորությունները, որոնք կազմում էին 70 միլիոն դոլար:
Վերջին տարիների ընթացքում ամսագիրը մեծ կորուստներ էր կրում: Այսպես, անցյալ տարվա ընթացքում նրա գործունեությունից առաջացած վնասները կազմել են 22 միլիոն դոլար: Այն մասին, որ Newsweek-ը հրատարակվելու է միայն թվայնացված տարբերակով, հայտնի էր դարձել 2012 թվականի հուլիսին:
Շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը նշել է, որ թվայնացված տարբերակը Newsweek-ի համար պատմության «նոր գլուխ» է: Ըստ նրա՝ Newsweek-ի օրինակին ստիպված են լինելու հետևել նրա մյուս մրցակիցները:










