Կոլիմայի բակտերիաները ունակ են դիմանալ Մարսի պայմաններին. հետազոտություն
Ռուս-ամերիկյան գիտական արշավախումբը ՌԴ Կոլիմայի ափերի հավերժական սառույցի մեջ հայտնաբերել է Carnobacterium սերնդի բակտերիաներ, որոնք ունակ են աճել և զարգանալ այն ջերմաստիճանի, ճնշման և թթվածնի խտության պայմաններում, որոնք համապատասխանում են Մարսի պայմաններին:
Գիտնականների աշխատությունը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, իսկ դրա համառոտ շարադրությունը ներկայացրել է Spiegel Online-ը:
Բակտերիաները դուրս են բերվել Կոլիմայի աջ ափի ավազային նստվածքներից` 12-20 մ խորությունից:
Առանձնացված բակտերիաները սկզբում աճեցվել են 28 աստիճանի և Երկրի բնական մթնոլորտի պայմաններում և միայն դրանից հետո փորձարկվել մարսիական պայմանների ներքո:
Փորձը տևել է 30 օր: Առանձնացված 10 հազար շտամերից զրոյական ջերմաստիճանի, թթվածնի ցածր խտության և երկրայինից 150 անգամ պակաս ճնշման պայմաններում, դրանցից 6-ը ապացուցել են իրենց կենսունակությունը:
Դրանք բոլորը եղել են Carnobacterium տեսակի ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, որ այդ շտամերից մեկը մարսիական պայմաններում նույնիսկ ավելի լավ է զարգացել, քան բնական մթնոլորտային պայմաններում:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ ստացված արդյունքները կարևոր են Մարսի վրա կյանքի գոյության հնարավորությունները գնահատելու և դրանք որոնելու ճիշտ ռազմավարություն ստեղծելու համար:










