Ուլտրա-էքսկլյուզիվ Mazzanti Evantra նոր շունչ է ստացել (լուսանկարներ)
Իտալական Mazzanti ստուդիան որոշել է թարմացնել իր միակ մոդելը` Evantra սուպերմեքենան:
Կուպեն, որը թողարկվում է չափազանց փոքր քանակներով, նոր շարժիչ կստանա և թարմացված արտաքին, ինչպես նաև սրահի ձևավորման բազմազան տարբերակներ:
Իտալական ընկերությունն իր սուպերմեքենայի առաջին սերունդը ներկայացրել էր 1 տարի առաջ: Այն ժամանակ Evantra-ն համալրվում էր 3,5 լիտր ծավալով ոպոզիտային շարժիչով, որն իր տուրբինացված տարբերակով ավելի քան 600 ձիաուժ հզորություն էր ապահովում:
Ներկայում Mazzanti-ի ղեկավարությունը որոշում է կայացրել մոդելը թեթևաձույլ 8 գլանային շարժիչով համալրել, որը 701 ձիաուժ և 846 Ն/մ ոլորող մոմենտ հզորություն է արտադրում: Նման հզորությունը կբավականացնի, որ Mazzanti-ի սուպերմեքենան 0-100կմ/ժ արագության հասնի 3,2 վայրկյանում:
Ընկերության ղեկավար Լուկա Մացցանտին հայտարարել է, որ Evantra-ն իր մեջ ներառում է իտալական ավանդական ինքնատիպությունը և ժամանակակից շուկայի հիմնական զարգացումները:
Նրա խոսքով՝ Evantra-ն ամենևին էլ չպետք է բոլորին անխտիր դուր գա, քանի որ իրական էքսկլյուզիվ արտադրանք է:
Հետաքրքրական է, որ սուպերմեքենայի առաջին տարբերակը թողարկվել էր ընդամենը 5 օրինակով: Թե քանի հատ նոր Evantra V8 է նախատեսվում թողարկել այս անգամ` դեռ չի հաղորդվում:










