Ճապոնացիները վիրտուալ իրականության համակարգ են ստեղծել, որն ապահովում է նաև շոշափման զգացողությունը

23:43 • 28.12.12

Տոկիոյի համալսարանի Ասպիրանտական դպրոցի Ikei լաբորատորիայի գիտնականները վիրտուալ իրականության մի բացառիկ համակարգ են ստեղծել, որը ունակ է ներազդել մարդկային օրգանիզմի 5 զգայարանների վրա, հաղորդում է newsru.com-ը:


Համակարգի հեղինակները խոսում են վիրտուալացման նոր մակարդակ ստեղծելու մասին, որը ենթադրում է, ոչ միայն տեսաձայնային տվյալների փոխանցում, այլև ներգրավում է հոտառությունը, շոշափումը և տեղաշարժման զգացումը: Այն կարող է կիրառվել վիրտուալ ճանապարհորդություններ կազմակերպելու նպատակով, որոնց ժամանակ մարդը կկարողանա կարծես այլ մարմնում լինել, ստանալով տեղեկություններ նրա բոլոր զգացումների մասին, զգալով նրա վրա շրջակա միջավայրի թողած ազդեցությունը և այլ:


Համակարգը իր մեջ ներառում է ականջակալներ, 3D մոնիտոր, օդի հոսանք ստեղծող սարքեր, հոտեր, ինչպես նաև ոտքերի հենակներ և հատուկ աթոռ, որը անհրաժեշտ շարժունակություն ունի և կարող է տարբեր կողմեր թեքվել և մարդու վրա տատանողական ազդեցություն թողնել:


Այդ հնարավորությունների համադրությամբ ստացվում է մարդուն իրական զգացողություններ փոխանցել, որոնք նա նաև իրական կյանքում է զգում, սակայն դրանք ստացվում են և փոխանցվում վիրտուալ համակարգով:


Ստեղծված համակարգը շուտով կարող է հեղափոխական ազդեցություն թողնել համակարգչային խաղերի արդյունաբերության ոլորտում: Ոչ պակաս հեռանկարներ են խոստացվում նաև վիրտուալ ճանապարհորդությունների ասպարեզում, որի շնորհիվ մարդիկ կկարողանան Աշխարհի ցանկացած վայրում լինել, տեսնել, լսել և զգալ այդտեղի հիասքանչությունը՝ հիշողության մեջ պահելով բազմաթիվ տպավորություններ, սակայն առանց ֆիզիկական և նյութական զգալի դժվարությունների:

 

Ճապոնացիները վիրտուալ իրականության համակարգ են ստեղծել, որն ապահովում է նաև շոշափման զգացողությունը