Ամերիկյան վիրաբույժները շաբաթական 39 անգամ օտար մարմիններ են մոռանում հիվանդի մարմնում. հետազոտություն
ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հաշվարկել են, որ ԱՄՆ-ում վիրաբուժությունների ժամանակ տարեկան 4 հազար անփութության դեպք է տեղի ունենում, հաղորդում է Web MD-ը:
Հետազոտության համար գիտնականները օգտագործել են տեղեկություններ, որոնք հավաքվում են ԱՄՆ տեղեկությունների ազգային պահոցներից մեկում (National Practitioner Data Bank) սկսած 1990թ. մինչև 2010թ.: Այնտեղ պահվում են տեղեկություններ բոլոր մինչդատական կամ դատարանի որոշմամբ իրականացված փոխհատուցումների վերաբերյալ, որոնք տրամադրվել են հիվանդներին՝ բժիշկների անփութության համար:
Որպես վիրաբուժական անփութություն նշվում է` «միջադեպերը, որոնք երբեք չպետք է տեղի ունենային»: Այսինքն, հիվանդի մարմնում մոռացված օտար մարմիններ, սխալ տեսակի գործողությունների իրականացում կամ սխալ օրգանի և սխալ հիվանդի վիրահատություն:
Վիրահատական անփութության հետևանքով հիվանդները ժամանակավոր վնասվածք են ստացել 59% դեպքերում, ինչպես նաև մահացու հետևանքներ են գրանցվել 6,6% դեպքերում:
Գիտնականների հաշվարկով, ամերիկյան վիրաբույժները շաբաթական 39 անգամ օտար մարմիններ են մոռանում հիվանդի մարմնում, շաբաթական 20 անգամ սխալ տեսակի վիրահատություն են կատարում և նույնքան անգամ հիվանդ օրգանի փոխարեն առողջ օրգան են վիրահատում:
Հետազոտողների խոսքով, իրականում վիրաբուժության մեջ առավել հաճախ անուշադրությունն է ի հայտ գալիս: «Մեր զեկույցը արտահայտում է այդ վիճակագրության ստորին նշագիծը, քանի որ դեպքերի մեծ մասը թաքցվում են», - բացատրել է գիտնականներից մեկը:
Օրենքի համաձայն հիվանդանոցները պետք է բոլոր դեպքերի մասին զեկուցեն, որոնց հետևանքով հիվանդին փոխհատուցման խնդիր է առաջանում: Սակայն սովորաբար այդ ամենը մնում է կուլիսների հետևում: Նրանք փաստաթղթերում լրացնում են միայն այն բողոքները, որոնք լուրջ հետևանքներ են առաջացնում արդեն հետվիրահատական շրջանում:










