Գերմանացիները դասական Porsche-ը մրցարշավային բոլիդի են վերածել (լուսանկարներ)
Porsche 911 GT2-ը, որի գործարանային ինդեքսը 993 է, թողարկվել է 1990-ականներին և ներկայում այն ավելի շուտ, հավաքածուների մեջ պետք է փայլեր, սակայն McChip ստուդիան համաձայն չէր մեքենայի նման ճակատագրի հետ, տեղեկացնում է Vesti.ru կայքը:
Ընկերության մասնագետները այդ մեքենայից մրցարշավային բոլիդ ստեղծեցին, որը նաև սովորական փողոցներով տեղաշարժվելու հնարավորություն ունի:
Ստուդիայի ինժեներները, որպեսզի սպորտային մեքենան իրեն վստահ զգա վազքուղում, ամբողջովին վերափոխել են ծերացած կուպեն: Օպոզիտային 3,6 լ ծավալով շարժիչը երկու կատարելագործված տուրբին է ստացել, շարժիչի նոր բլոկ, սպորտային արտանետման համակարգ և նոր կառավարման համակարգ:
Նման փոփոխությունների արդյունքում մեքենայի նախնական 450 ձիաուժը աճել է մինչև 596 ձիաուժ, իսկ ոլորող մոմենտը այժմ հասել է 850 Նմ:
Բացի այդ, սպորտային մեքենան նոր սպորտային կախոցներ է ստացել KW կոմպոնենտներով, ինքնաբլոկավորվող դիֆերենցիալ և աերոդինամիկ նոր տարրեր:
McChip-ում պատմել են, որ սպորտային մեքենայի վրա ավելի քան 800 ժամ աշխատանք է դրվել, սակայն արդյունքում ստացվել է 200 հազար եվրո գնով բոլիդ:










