Apple-ը կարտադրի հեռախոսի գործառույթ իրականացնող ձեռքի ժամացույցներ
Ամերիկյան Apple ընկերությունը մշակում է սկզբունքորեն նոր տեխնիկական սարքավորում՝ ձեռքի ժամացույցներ, որոնք համալրված կլինեն սմարթֆոնների գործառույթների մեծ մասով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։
Սպասվում է, որ iWatch անվանումով նորույթը կարող է վաճառքի հանվել արդեն հաջորդ ամառ։ Այն կունենա 1.5 դյույմանոց (3.81սմ) LED էկրան։ iWatch-ի օգնությամբ հնարավոր կլինի էլեկտրոնային նամակներ կամ SMS հաղորդագրություններ ուղարկել կամ ստանալ, ինչպես նաև շփվել Facebook սոցցանցի այլ օգտատերերի հետ։
Բացի այդ, բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Չինաստանի աղբյուրներին, որտեղ ամերիկյան ընկերությունն արտադրում է իր արտադրանքի մեծ մասը, հայտնում են, որ «խելացի» ժամացույցների հետագա տարբերակները կարող են ունենալ նաև բարձրախոս։
Տեխնիկական փորձագետների գնահատականով՝ հեռախոսի գործառույթով ժամացույցները կարող են դառնալ 2013-ին էլեկտրոնային սարքավորումների շուկայի ամենաաղմկահարույց նորույթը։










