Մեքսիկայում հնագետները հայտնաբերել են հնագույն դարաշրջանի սայրեր
Մեքսիկացի հնէաբանները հայտնաբերել են 60 նետի սայրեր, որոնք պատրաստվել են 3000-4500 տարի առաջ: Այս մասին գրում է Lenta.ru կայքը`հղում կատարելով artdaily.org-ին:
Հայտնագործությունը կատարվել է Սինալոա նահանգում` Մազալտան քաղաքից 50կմ հեռավորության վրա: Այս շրջանը հայտնի է քարերի վրա արված պատկերներով: Պեղումներն իրականացվում էին 2010-2012 թվականներին:
Հայտնագործությունները պատկանում են միջին արխայիկ շրջանին: Այս ժամանակաշրջանը աչքի է ընկել ներկայի Մեքսիկայի տարածքում ժողովուրդների մեծ տեղափոխությամբ, որը հանգեցրել էր բազմաթիվ բնակատեղիների կազմավորմանը:
Ըստ գիտնականների՝ նոր արդյունքները, հնարավոր է, օգնեն գտնել հին մարդկանց բնակատեղիները, ովքեր թողել են քարերի վրայի պատկերները: Այժմ հնագույն մարդկանց կենցաղն ուսումնասիրելու միակ իրերը նետերի և նիզակների սայրերն են: Դա պայմանավորված է նրանով, որ արխայիկ ժամանակաշրջանում մարդիկ ապրում էին խրճիթներում, որոնցից հետք չի մնացել:










