Իսրայելի օդուժը մեծ քանակի Hermes անօդաչուներ է պատվիրել
Իսրայելի ռազմաօդային ուժերը Elbit Systems ընկերությանը հավելյալ պատվեր են տվել Hermes 900 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության համար, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Flightglobal-ին:
Գործարքի ծավալը 90 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Թե այդ գումարով քանի ԱԹՍ է պատվիրվել, հայտնի չէ:
Անօդաչուների մատակարարումը կիրականացվի մոտակա 3 տարիների ընթացքում: Իսկ դրանց սպասարկումը, պայմանագրի համաձայն, կիրականացվի 8 տարիների ընթացքում:
Իսրայելի ռազմաօդային ուժերը Hermes 900 ԱԹՍ-ների մատակարարման առաջին պատվերը կնքել էր 2010թ.: Պատվիրվել էր 250 մլն ԱՄՆ դոլարի այդ տեսակի անօդաչուներ: Պատվերի իրականացումը ավարտվեց 2012թ.:
Առաջին անգամ 2009թ. օդ բարձրացած Hermes 900-ը ունակ է թռիչքներ իրականացնել մինչև 9000 մ բարձրության վրա և կրել 300 կգ օգտակար բեռ: Կառավարումը իրականացվում է ինչպես արբանյակների միջոցով, այնպես էլ` երկրից:
Elbit Systems-ը 2012թ. փետրվարին հայտարարել էր, որ այդ տեսակի անօդաչուները կհամալրվեն հիպերսպեկտրալ տվիչներով, որի միջոցով հնարավոր կլինի դիտվող օբյեկտը սկանավորել անմիջապես մի քանի ալիքային տիրույթում: Նման տվիչներով ԱԹՍ-ն կկարողանա ոչ միայն հայտնաբերել թաքնված թիրախները, այլև բացահայտել, թե ինչ նյութերից է այն բաղկացած:










