Հայ ծրագրավորողի ստեղծած PicsArt ֆոտոհավելվածը ձեռնոց է նետում Instagram-ին

17:53 • 06.01.13

Տեխնոլոգիական նորությունների ոլորտում աշխարհում առաջատար համարվող Techcrunch կայքը ծավալուն ակնարկ է պատրաստել հաջողությամբ զարգացող PicsArt անունով մի հավելվածի մասին, որի ստեղծողը մեր հայրենակից Արտավազդ Մեհրաբյանն է, երիտասարդ գործարար, ով 20-25 հոգանոց թիմ ունի Երևանում։

PicsArt հավելվածը, որն առաջատար էր Android հարթակում և մեկ տարում բեռնվել է 35 միլիոն անգամ, այժմ արդեն հասանելի է iPhone-ի համար, գրում է techcrunch.com-ը:
 

Մեկնարկից մեկ տարուց մի փոքր ավել ժամանակահատվածից հետո PicsArt-ն արդեն 35 մլն անգամ բեռնվել է GooglePlay-ում: Սա անշուշտ լուրջ թիվ է՝ հաշվի առնելով, որ, օրինակ, նկարների փոխանակման առաջատար Instagram-ը 50 մլն բեռնման ցուցանիշը գրանցեց հոկտեմբեր ամսին:

 

Google Play-ում PicsArt-ի վարկանիշը միջինում 4.7 է. համեմատության համար նշենք, որ Instagram-ն ունի 4.6, իսկ  Adobe Photoshop Express-ը` 4.0 վարկանիշ:

 

Այս հավելվածն օգտատերերին ձգում է ֆոտոխմբագրման իր անվճար գործառույթների համար, որոնք կարելի է գտնել մրցակիցների վճարովի ծրագրերում: Այսօր լավ ֆոտոխմբագիրը ամբողջական չի կարղ համարվել, եթե չունենա ֆիլտրեր, իսկ PicsArt-ը հայտնի է իր առավել զարգացած խմբագրման գործիքներով, ինչպես օրինակ ֆոտո դիմակները, շտկման հնարավորությունը (օրինակ ատամների սպիտակեցում կամ մաշկի մգացում), շրջանակներ դնելու և սահմաններ գծելու, ինչպես նաև լուսանկարի վրա տարբեր գործիքներով նկարելու հնարավորությունները: 
 

Ինչ որ տեղ զարմանալի է, որ բավականին ընդգրկուն հնարավորությունների ցանկ ներառող հավելվածը շատ հաջող աշխատում է շարժական սարքի վրա:

 

PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը Techcrunch–ին ասել է, որ ծրագիրն ավելի շուտ անհատական համակարգչի հետ աշխատանքի զգացողություն է ապահովում, երբ ամեն ինչ հավաքված է մեկ տեղում: Սա շարժական սարքերում ծրագրերի ընդունված մոտեցումների հակառակ պատկերն է:

 

Ընկերությունը ֆոտոխմբագրման առաջատար PicsArt հավելվածը թողարկել է 2011թ. նոյեմբերին մի շարք այլ՝ ավելի պարզ հավելվածներ թողարկելուց հետո, որոնք առ այսօր կարելի է հանդիպել GooglePlay-ում: Ավելի բարդ հավելված մշակելը, Մեհրաբյանի խոսքով, բարդ որոշում էր, քանի որ այդ ժամանակ թվում էր, որ օգտատերերը պարզ ծրագրեր են նախընտրում:

 

«Մենք վախենում էինք, որ օգտատերերը կխճճվեն բազմաբնույթ գործառույթների մեջ, սակայն այսօր ժամանակակից օգտատերերը շատ արագ ընկալում և սովորում են և ավելին ու ավելին են պահանջում: Շարժական սարքը դառնում է մի վայր, որտեղ մարդիկ բացահայտում են իրենց իսկ ստեղծագործական ձիրքը»,-նշել է Մեհրաբյանը: 

 

Մեհրաբյանի խոսքով՝ հավելվածի մշակումը գլխավորապես իրականացվել է օգտատերերի արձագանքների և crowd-sourcing-ի հիման վրա: Մեթ Բարթելզյանը՝ PicsArt-ի մարկետինգի ղեկավարը նաև նշում է, որ հավելվածը 35 մլն բեռնումների ցուցանիշը հավաքել է առանց Google-ի կողմից որևէ օժանդակության. այն չի երևացել որևէ ցանկում: «Մենք նույնիսկ Google-ի հետ մինչև բոլորովին վերջերս չէինք հաղորդակցվել,- ասել է Բարթելզյանը,-այս ծրագիրը նախատեսված է լայն զանգվածների համար. հասկանում եմ, սա միգուցե հնչում է խորամանկ մարկետինգային քայլ, բայց PicsArt-ն իրոք սովորական օգտատերերի հավելված է, նրանք զգում են դա, և նրանք են եղել մեր հաջողության գրավականը»:

 

Սակայն PicsArt-ի պատմության մեջ թերևս ամենանշանակալի իրողությունն այնուամենայնիվ իր հնարավորությունների նկարագրությունը չէ, այլ այն, որ այս ընկերությունը, չնչին մարկետինգով և առանց արտաքին ֆինանսավորման, դարձել է շահութաբեր զուտ հավելվածի ներսում տեղադրվող գովազդի հաշվին: Ընկերությունն ունի 20-25 աշխատակից Հայաստանում և մոտ 6-ը այլուր, այդ թվում՝ Կալիֆորնիայում:

Հայ ծրագրավորողի ստեղծած PicsArt ֆոտոհավելվածը ձեռնոց է նետում Instagram-ին