Երբ տեխնոլոգիան մոռացության է մատնում մարդկային մարմնի սահմանափակ հնարավորությունները

12:33 • 06.01.13

Reuters-ի «Մարդկային տեխնոլոգիաների ուժը» պատմության հերոսը Յան Չինհոնգն է: Նա ողնաշարի վնասվածք էր ստացել, երբ 14 տարի առաջ ցատկել էր լողավազանի մեջ: Դրանից հետո Յանը պարալիզվել էր, իսկ ամիսներ տևած ինտենսիվ թերապիան որևէ օգուտ չէր տվել և նա գամվել էր մահճակալին՝ ստիպված լինելով շնչել խողովակի օգնությամբ: Իրեն համակած ընկճախտի ժամանակ Յանը նույնիսկ մորն առաջարկել էր իր կյանքին վերջ դնելու ձևեր գտնել:


Սակայն այս ամենը դրամատիկ բեկում ստացավ, երբ Թայվանի Ազգային Շենգ Կունգ ազգային համալսարանի պրոֆեսոր Լուո Չինգը նրան ներկայացրեց իր պրոյեկտը:

 

 


Լուոն հնարել էր մանկական ռետինե ծծակի նման մի սարք, որը հնարավորություն է տալիս կաթվածահար հիվանդներին երկար և կարճ պարզ սեղմումների միջոցով տպել այբուբենի 26 տառերը, օգտագործել համակարգչի ստեղնաշարի բոլոր ստեղնները և նույնիսկ այն որպես մկնիկ օգտագործել: Մորզեի այբուբենի վրա հիմնված այս նոր տարբերակը շատ ավելի լավ է զանազանում կարճ և երկար ազդակները, քան իր նախորդները:

 

 

 


Յանից երկու ամիս պահանջվեց այս սարքին վարժվելու համար: Այժմ նա կարող է, առանց ֆիզիկական սահմանափակումների ցանկացած մարդու նման, օգտվել համակարգչից, միացնել հեռուստացույց, օդորակիչ,  ցանկացած այլ սարք, որը միացված է համակարգչին: Նա նաև կարողանում է տպել րոպեում մինչև 50 բառ արագությամբ:

 

 

 


Կան նաև այլ օրինակեր, երբ տեխնոլոգիան մոռացության է մատնում մարդկային մարմնի սահմանափակ հնարավորությունները, նշում է Reuters-ը:

 

Նույն համալսարանի գիտնականներն ստեղծել են նաև այսպես կոչված «խելացի կոշիկ - smart shoe», որն իրենից ներկայացնում է միկրոչիպեր պարունակող փոքրիկ պարկ, որն ամրացվում է սպորտային կոշիկներին: Այս սարքը զուգակցվում է պլանշետի կամ սմարթֆոնի հետ և տեղեկություն է հաղորդում կրողի շարժի, նույնիսկ վատնած կալորիաների վերաբերյալ:

 

 

Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց դեպքում այն կարող է ազդանշան ուղարկել հիվանդանոց, երբ, օրինակ, տանը մենակ ապրող տարեց մարդն ընկնի գետնին:

«Մենք նոր տեխնոլոգիական հեղափոխության շեմին ենք»,- եզրակացնում է հոդվածագիրը:
 

Երբ տեխնոլոգիան մոռացության է մատնում մարդկային մարմնի սահմանափակ հնարավորությունները