ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը կպահպանի Twitter-ում արված ավելի քան 170 մլրդ գրառում

18:04 • 08.01.13

Twitter սոցիալական կայքի օգտատերերը յուրաքանչյուր օր իրենց միկրոբլոգներում հրապարակում են մինչև 500 հազար հաղորդագրություն։ Կոնգրեսի Գրադարանի աշխատակիցները որոշել են, որ այդ գրառումներն արտացոլում են ժամանակակից հասարակության կյանքը, և հետևաբար, դրանք կարելի է հավասարազոր համարել բացառիկ գրքերի, ամսագրերի և օրենսդրական ակտերի հրատարակություններին, հայտնում է Russia Today-ը:
 

2010թ. ապրիլին Twitter-ը հայտարարել էր, որ յուրաքանաչյուր հրապարակային գրառում, որն արվել է 2006թ. նրա ստեղծումից հետո, կգրանցվի Կոնգրեսի գրադարանում: Ինչպես հայտնում է Վաշինգտոնի գիտահետազոտական կենտրոնը, աշխատակիցները գրեթե ավարտել են ավելի քան 170 մլրդ հաղորդագրությունների հավաքագրումը և արխիվացումը: Արդեն 100 տարի անց այսօրվա գրառումները նույնքան հին կթվան, որքան և Ամերիկայում հրատարակված առաջին գրքերը:


Գրադարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղեկության ամբողջ ծավալը կազմել է 133,2 տեռաբայթ:


Գրադարանն արդեն իսկ ստացել է հայցեր ավելի քան 400 հետազոտողներից, ովքեր ցանկանում են տեսնել միլիարդավոր գրառումները: Սակայն դա չի նշանակում, որ այդ բազայից օգտվել կարող է ցանկացած մարդ: Համաձայն Twitter-ի հետ պայմանագրի` հասանելի կլինեն միայն հրապարակային գրառումները, որոնք արվել են ավելի քան վեց ամիս առաջ, և միայն «բարեխիղճ գիտնականներին» համար, ովքեր կապ չունեն կոմերցիոն հետազոտությունների հետ:
 

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը կպահպանի Twitter-ում արված ավելի քան 170 մլրդ գրառում