Sony-ն ներկայացրել է լողավազանի համար նախատեսված փլեյեր (տեսանյութ)
Ճապոնական Sony ընկերությունը CES ցուցահանդեսի շրջանակներում Xperia Z սմարթֆոնից զատ ներկայացրել է բազմաթիվ ուշագրավ տեխնիկական նորույթներ, գրում է Вести-ն։
Երաժշտական գաջեթների շարքում առանձնանում է սպորտային mp3 փլեյերը՝ Walkman Sports NWZ-W270-ը, որը կարելի է ոչ միայն վերցնել զբոսանքի կամ մարզադահլիճ, այլ նաև լողավազան։ Ինչպես նշում է Gizmag-ը, նոր փլեյերով կարելի է սուզվել մինչև 2 մ խորության վրա, ինչպես նաև ֆիզիկական տարբեր վարժություններ կատարել։
Սակայն հեղափոխական սարքը նախատեսված չէ ծովում օգտագործելու համար, քանի որ աղի ջուրը կարող է վնասել սարքը։
Փլեյերն էկրան չունի, իսկ այն կառավարելու համար նախատեսված կոճակները տեղադրված են ականջակալների վրա։ Նոր սարքն ունի 4 գիգաբայթ հիշողություն, որը հնարավոր չէ մեծացնել։
Ամբողջական լիցքավորման դեպքում փլեյերը կարելի է օգտագործել 8 ժամ։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ընդամենը 3 րոպե լիցքավորվելու դեպքում այն կաշխատի 1 ժամ։
Sony-ն պնդում է, որ ջուրը սուզվելու դեպքում ձայնի որակը չի տուժի։ Փլեյերը կարտադրվի կապույտ, վարդագույն, սպիտակ և սև գույներով։ Ըստ նախնական տվյալների՝ սարքը վաճառքի կհանվի այս տարվա մարտին։ ԱՄՆ-ում դրա գինը կկազմի 100 դոլար։










