Թիմ Կուկ. Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից՝ որպես Apple-ի արտադրանքի սպառման խոշորագույն շուկա
Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից՝ որպես Apple կորպորացիայի արտադրանքի սպառման խոշորագույն շուկա։ Ինչպես հայտնում է Газета-ն, այս մասին «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը։
«Չինաստանը մեծությամբ մեր երկրորդ շուկան է։ Ես հավատում եմ, որ այն կդառնա առաջինը։ Ես շատ եմ հավատում դրան»,- ասել է Կուկը։
Apple-ը 2010-2011թթ. գրեթե կրկնապատկել է վաճառքներն ԱՄՆ-ում, չնայած տնտեսական աճի դանդաղ տեմպերին։
Չինաստանում վաճառքները 2012-ի վերջին եռամսյակում կազմել են 5.7 մլրդ, ԱՄՆ-ում՝ 14.4 մլրդ դոլար։
Նախօրեին Կուկն այցելել է Չինաստան և հանդիպել այդ երկրի խոշորագույն բջջային օպերատոր China Mobile ընկերության ղեկավարի հետ, որը նախկինի պես հրաժարվում է Apple-ի արտադրանքները վաճառելուց։ Ներկայում ամերիկյան ընկերությունը Չինաստանում և Հոնկոնգում ունի 11 խանութ։










