Dasaran.am կայքում բացվել է «Դիմորդի անկյուն» բաժինը
Dasaran.am կայքում բացվել է ապագա ուսանողների համար պատրաստված «Դիմորդի անկյուն» բաժինը, որտեղ կարելի է մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին:
Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը: «Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները»,-ասաց նա:
Ըստ կայքի հիմնադրի՝ այս նոր նախագծի շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին և որոշումներին, ինչպես նաև օգտվել մասնագիտական ուղեցույցից և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
«Կայքը հնարավորություն է տալիս այցելուին մասնագիտության ընտրություն անել` իր սիրած առարկան կամ առարկաները ընտրելու միջոցով»,- նշեց նա:
Վերջինիս տեղեկացմամբ՝ Dasaran.am-ին արդեն միացել է 502 դպրոց, այս պահին կայքն ունի ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ (աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ): 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 այցելություն և 42.271.801 էջադիտում:
«Դիմորդի անկյուն» նոր նախագիծը ներկայացվել է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից:










