Ամերիկացիները Linux-ի հիման վրա և Wi-Fi-ով դիպուկահար զենքի համալիր են ստեղծել. կրակելը հնարավոր է նաև iPhone-ով (տեսանյութ)

20:40 • 11.01.13

Ամերիկյան TrackingPoint ընկերությունը CES 2013 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է համակարգչայնացված դիպուկահար զենքի՝ Precision Guided Firearm (PGF) համալիրի նախատիպը: Ars Technica-ի տեղեկություններով, համալիրը աշխատում է Linux օպերացիոն համակարգով և համալրված է Wi-Fi մոդուլով:

 

Որպես Precision Guided Firearm-ի հիմք ընդունվել է 3 հայտնի որսորդական հրացաններ (այդ թվում 300 տրամաչափի Winchester Magnum-ը և 338 տրամաչափի Lapua Magnu-ը), որոնք համալրված են «խելացի» օպտիկական նշանառության և ձգանային մեխանիզմներով: Բացի այդ, TrackingPoint-ը PGF-ի համար հատուկ զինամթերք է ստեղծել:


Թիրախը ճշգրիտ խոցելու համար կրակողը պետք է այն գտնի նշանոցով և «նշում անի» հատուկ սեղմակով: Դրանից հետո համակարգիչը կօգնի հետևել թիրախի տեղաշարժին: Ձգանը քաշելուց հետո կրակոցը անմիջապես տեղի չի ունենա. սկզբում համակարգիչը մարտական պատրաստության վիճակի կանցնի և կպահանջի կարգավորել նշանոցը: Կրակոցը տեղի կունենա, միայն երբ նշանոցի «խաչուկը» համընկնի նշված թիրախի հետ:


Ինչպես նշում է Ars Technica-ն, TrackingPoint-ի օպտիկական նշանոցի ինտերֆեյսը նման է համակարգչային խաղերի կամ ռազմական օդաչուների համար նախատեսված գլխին ամրացվող դիսփլեյներին:


Wi-Fi մոդուլի շնորհիվ դիպուկահար համալիրը կարող է աշխատել Apple-ի պլանշետների կամ սմարթֆոնների հետ:
Այսպիսով թիրախը հայտնաբերել և ոչնչացնել հնարավոր կլինի նաև iPad-ի կամ iPhone-ի միջոցով: Հատուկ iOS-ի համար TrackingPoint-ը հավելված է մշակել: Կրակոցի վերաբերյալ ողջ տեղեկությունը գրանցվում է PGF-ի ներկառուցված կրիչի վրա:

 

Համակարգչայնացված դիպուկահար հրացանի գինը 17 հազար ԱՄՆ դոլար է գնահատվում: Սակայն համալիրի արտադրման ժամկետները դեռ անհայտ են:

 

 

Ամերիկացիները Linux-ի հիման վրա և Wi-Fi-ով դիպուկահար զենքի համալիր են ստեղծել. կրակելը հնարավոր է նաև iPhone-ով (տեսանյութ)