Instagram-ը կորցրել է իր ամենօրյա օգտատերերի կեսին. AppData
Առցանց տիրույթում լուսանկարներ տարածելու ծառայություն մատուցող Instagram սոցիալական կայքը կորցրել է իր ամենօրյա օգտատերերի գրեթե 50%-ին առնվազն մեկ ամսվա ընթացքում, այն բանից հետո, երբ հրապարակվել են լուսանկարների ծառայության օգտագործման նոր կանոնները, հայտնում է Russia Today-ը։
Ըստ AppData ընկերության վերլուծական կենտրոնի վերջին տվյալների՝ ծառայությունից յուրաքանչյուր օր օգտվողների քանակը այս շաբաթ եղել է մոտ 8,5 հազար մարդ։ Այն դեպքում, երբ դեկտեմբերի 17-ին՝ այն օրը, երբ Instagram-ը հայտնեց ծառայության քաղաքականության փոփոխության մասին, կայքից օգտվել 16,5 հազար օգտատեր։
Սակայն այս թվերի հրապարակումից հետո, Facebook ընկերությունը, ում պատկանում է Instagram-ը, հերքել է տեղեկությունը՝ անվանելով ընկերության տվյալները «ոչ ճիշտ»։
«Մենք շարունակում ենք գրանցել ինչպես գրանցված, այնպես էլ ակտիվ օգտատերերի կայուն աճ»,- նշել են ընկերությունում։
Instagram-ն այս պահին ունի 100 միլիոն գրանցված օգտատեր, սակայն Facebook-ը հրաժարվել է որևէ կերպ հաստատել այդ թվերը։
Դեկտեմբերի 17-ին Instagram-ն իր օգտատերերի ծանուցել է ծառայության օգտագործման նոր կանոնների մասին, համաձայն որի ընկերությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել օգտատերերի լուսանկարները գովազդային նպատակներով կամ հեռացնել նկարն ըստ հայեցողության։
Յուրաքանչյուրին, ով համաձայն չէ նոր կանոնների հետ, առաջարկվել է չօգտվել ծառայությունից։










