AppStore–ում ներկայացված խաղի հեղինակ դպրոցականը խոստանում է, որ սա դեռ սկիզբն է
Երիտասարդ ծրագրավորողներ Դավիթ Բունիաթյանի և Հրանտ Սիմոնյանի կողմից պատրաստված Cyclop War անունով խաղը վերջերս համալրել է Apple ընկերության AppStore–ում ոչ այնքան շատ հայկական արտադրության խաղերի և մյուս հավելվածների շարքը: Tert.am-ի հետ զրույցում խաղի համահեղինակ Դավիթ Բունիաթյանը պատմեց, որ խաղը մշակվել է 4 ամսվա ընթացքում, իսկ համակարգչային գիտելիքների հիմնական սկզբնաղբյուրը համացանցն է եղել:
«Համակարգչային այսպիսի ծրագրերով սկսել ենք հետաքրքրվել 2-3 տարի առաջ, երբ համացանցից սովորում էինք բոլոր տեխնիկաները: Խաղը շատ պարզ է և հիմնական սկզբունքն է` որքան շատ միավորներ հավաքես ինչ-որ ժամանակի ընթացքում, այնքան հաղթելու հավանականությունը մեծանում է»,- ասաց Դավիթ Բունիաթյանը:
Դավիթի և Հրանտի ստեղծած խաղային պերսոնաժները միաչքանի կերպարներ են, որտեղ բարի ցիկլոպը պայքարում է չարի դեմ: «Խաղը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար: Չնայած փոքրերի համար մի քիչ բարդ է, մեծերի համար էլ` պարզ»,- ասաց Դավիթը:
Դեռևս դպրոցական Դավիթի խոսքով (նա սովորում է «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանում), ծրագրավորելով և ApplStore-ում խաղը ներկայացնելով ` իրենք նպատակ են ունեցել Հայաստանում խաղային ինդուստրիայի զարգացմանը նպաստել:
«Սկզբից նպատակ ունեինք համակարգչի համար խաղ ստեղծել, ուղղակի սրանով առաջին հերթին, կարծես թե, Հայաստանն ենք ներկայացնում Apple Store-ի մարկետում, երկրորդ հերթին էլ՝ մենք խաղ ենք ստեղծում, որ ինքը շատ պարզ է ու գրավում է շատ մարդկանց»,-ասաց Դավիթ Բունիաթյանը:
16-ամյա Դավիթ Բունիաթյանը համոզված է, որ իրենք` Հրանտ Սիմոնյանի հետ, դեռ կստեղծեն ավելի բարդ խաղեր:
«Պարզ խաղ սարքելու համար նույն հնարավորություններն են, ինչ-որ բարդ խաղ սարքելու համար: Սա ընդամենը սկիզբն է: Նպատակ ունենք ավելի հետաքրքիր, ավելի կոմպլեքս խաղեր սարքենք ու ոչ միայն բջջային հեռախոսների, այլ համակարգիչների, սոցցանցերի համար»,- ասաց Դավիթը:
Խաղը արդեն երկրպագուներ ունի աշխարհի տարբեր երկրներում: Cyclop War-ը ներբեռնողներ կան Թուրքիայից, Մեքսիկայից, Զիմբաբվեից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Իսպանիայից և շատ այլ երկրներից:
«Այսօր համագործակցության առաջարկ ենք ստացել: Խաղ արտադրող միջազգային ընկերության կողմից առաջարկում էին իրենց տեխնոլոգիաները ներդնել մեր խաղի մեջ»,-ասաց Դավիթ Բունիաթյանը:










