Տիեզերքում հայտնաբերվել է կոսմոլոգիական սկզբունքը հերքող ամենամեծ կառուցվածքը
Կենտրոնական Լանկշայրի համալսարանի բրիտանացի աստղագետները հայտնաբերել են Տիեզերքի ամենամեծ կառուցվածքը: Գալակտիկաների ակտիվ միջուկների` կվազարների խումբը տարածվում է 4 մլրդ լուսատարի տարածության մեջ: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում:
Կվազարներն իրենցից ներկայացնում են հին գալակտիկաներ, որոնք, վարկածներից մեկի համաձայն, գտնվում են իրենց զարգացման սկզբնափուլում և որոշակի շրջանում բացառիկ բարձր պայծառություն են ունենում:
Աստղաֆիզիկոսները կարծում են, որ նման ինտենսիվ լուսարձակման տևողությունը 10-100 միլիոն տարի է կազմում, և հնարավոր է՝ դա պայմանավորված է գալակտիկաների կենտրոնում գերբարձր զանգվածով սև խոռոչի առկայությամբ, որն այդ փուլում առավել ակտիվորեն է կլանում նյութը:
Սկսած 1982թ. հայտնի էր, որ կվազարները մեծ խմբեր կազմելու հակում ունեն, սակայն խումբը, որը բացահայտվել է Ռոջեր Կլաուզի և իր գործընկերների կողմից այնքան մեծ է, որ կասկածի տակ է դնում հիմնական կոսմոլոգիական սկզբունքը:
Խոսքը վերաբերում է ժամանակակից կոսմոլոգիայի հիմնական դրույթին, որը հիմնված է Ալբերտ Էնշտեյնի աշխատության վրա, ըստ որի՝ Տիեզերքը մեծ մասշտաբով դիտարկելիս միանման տեսք ունի, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում դիտողը:
Սովորաբար գալակտիկաների խմբերը տրամագծում մինչև տասը միլիոն լուսատարի ունեն:
Կվազարների խմբերի նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց չափերը կարող են հասնել 650 մլն լուսատարու: Կոսմոլոգիական սկզբունքի վրա հիմնված հաշվարկները ցույց էին տալիս, որ տեսականորեն ավելի քան 1,2 միլիարդ լուսատարի չափերով կառուցվածքներ չեն կարող գոյություն ունենալ: Սակայն բրիտանացի գիտնականների նոր աշխատանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ:
Երկարավուն ձևի շնորհիվ խմբի առավելագույն երկարությունը կարող է 4 մլրդ լուսատարու հասնել:

«Դեռևս բարդ է հասկանալ այդ խմբի իրական չափերը, սակայն մենք կարող ենք միանգամայն որոշակիորեն հայտարարել, որ դեռևս ոչ ոք Տիեզերքում նման չափերի բան չի տեսել: Դա չափազանց հուզիչ է, քանի որ հերքում է Տիեզերքի վերաբերյալ մեր պատկերացումները, որն այժմ այդքան միատարր չի թվում, որքան մենք նախկինում պատկերացնում էինք», - ասում է Կլաուզը համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ:











