2013թ. կմեկնարկի Մարսի գաղութացման ծրագրի առաջին փուլը (տեսանյութ)
Հոլանդական Mars One ոչ առևտրային կազմակերպությունը, որը պատրաստվում է 2023 թ. գաղութ ստեղծել Մարս մոլորակի վրա, հայտարարել է, որ այս ծրագրի իրականացմանը մասնակցել ցանկացող կամավորների ընտրելու գործընթացը կմեկնարկի 2013թ. առաջին կեսին, հայտնում է Вести-ն։
Ինչպես նշվում է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, Կարմիր մոլորակի առաջին բնակիչների շարքերը համալրելու համար պահանջվում է լինել խելացի, հոգեպես կայուն, ֆիզիկապես պատրաստված։
Միևնույն ժամանակ նշվում է, որ բանակում ծառայելը, ինքնաթիռ վարել կարողանալն ու գիտական կոչման առկայությունը պարտադիր նախապայմաններ չեն։
Կամավորներն ընտրվելուց հետո պետք է առաջին 8 տարիները տրամադրեն ինքնապատրաստմանը, իսկ նրանց յուրաքանչյուր քայլը դառնալու է համաշխարհային իրապատում շոուի մաս։
Այդ ընթացքում մասնագետների օգնությամբ նրանք կստանան բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ երկրաբանությունից մինչև բժշկություն։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ 4 հոգուց բաղկացած առաջին խմբի համար ետդարձի տոմսեր «չեն գնի». նրանք ընդմիշտ կմնան Մարսի վրա։
«Նախկինում տիեզերական թռիչքների թեկնածուների ընտրման հարցում կիրառվում էին բավական խիստ չափորոշիչներ։ Սակայն այդ ժամանակներն արդեն անցյալում են, և այժմ մենք շեշտը դնում ենք գոյատևելու, համակերպվելու, միասին աշխատելու և նույնիսկ ծանր պայմաններում հոգեբանական կայուն վիճակը պահպանելու կարողությունների վրա»,- նշել է ԱՄՆ-ի տիեզերական գործակալության (ՆԱՍԱ) նախկին և Mars One-ի ներկա աշխատակից Նորբերտ Կրաֆտը։
Թեկնածուների ընտրության գործընթացը կմեկնարկի 2013թ. առաջին կեսին։ Մասնակցության հայտ կարող է ներկայացնել Երկիր մոլորակի՝ 18 տարեկանից բարձր ցանկացած բնակիչ։
Հիմնական չափանիշները, որոնց կազմակերպիչներն ուշադրություն են դարձնելու, կլինեն՝ նպատակասլացությունը, հոգու տոկունությունը, ցանկացած պայմանների հարմարվելու կարողությունը, հետաքրքրասիրությունը, մարդկանց վստահելու ունակությունը, հումորի զգացումը և սերն արվեստի նկատմամբ։










