Գիտնականներն այժմ կարողանում են պարզել հարյուրավոր տարիներ առաջ մահացած մարդկանց աչքերի գույնը
Լեհաստանի և Նիդեռլանդների գիտնականները մշակել են գենետիկ մեթոդ, որը թույլ է տալիս որոշել մարդկանց աչքերի և մազերի գույնը, որոնք մահացել են մինչև 800 տարի առաջ, հայտնում է Gazeta-ն՝ Investigative Genetics ամսագրի հրապարակման հիման վրա:
Դա արվում է ատամներից և ոսկորներից ԴՆԹ-ի անալիզի միջոցով:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ իրենց փորձարկումների համար գիտնականներն օգտագործել են ատամների 21 և ոսկորների 5 նմուշ, որոնք վերցված են եղել ինչպես վերջերս մահացած մարդկանցից, այնպես էլ միջնադարյան աճյուններից:
Այս կերպ նրանց հաջողվել է պարզել, օրինակ, որ 1943-ին զոհված լեհ գեներալ Վլադիսլավ Սիկորսկին կապուտաչյա շիկահեր է եղել:
Իսկ Տինեյի աբբայությունում 12-14-րդ դարերի աճյունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուղարկավորվածները ոչ թե տեղի վանահայրերն են, ինչպես համարվում էր, այլ կանայք: Հայտնի է դարձել նաև խորհրդավոր կանանցից մեկի արտաքինը. նա մուգ մազեր և դարչնագույն աչքեր է ունեցել:










