Samsung-ի Galaxy S շարքի սմարթֆոնները վաճառքի ծավալներով հատել են 100 մլն-ի շեմը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ հարավկորեական Samsung ընկերությունը, հայտարարել է հերթական նվաճման մասին. Galaxy S շարքի սմարթֆոնները 2010թ. մայիսից շուկայում հայտնվելուց ի վեր ամբողջ աշխարհում վաճառվել են 100 մլն օրինակով։ Այս մասին տեղեկացնում է techcrunch.com կայքը։
Ընկերությունն ընդգծել է, որ բոլոր մոդելների շարքում վաճառքի ամենաբարձր ցուցանիշերն է գրանցել աշխարհում մեծ պահանջարկ վայելող Galaxy S3 սմարթֆոնը։ 2012 թ. մայիսին շուկա հանվելուց 50 օր անց աշխարհում վաճառվել է այս սմարթֆոնի 1 մլն օրինակ, իսկ 7 ամիս անց՝ 40 մլն։ Ներկայում օրական միջինը 190 հազար հատ Galaxy S3 սմարթֆոն է վաճառվում, ինչն է՛լ ավելի է ամրապնդում Samsung-ի դիրքը սմարթֆոնների շուկայում։
Ընկերությունը լիահույս է, որ ընթացիկ տարում, ի տարբերություն 2012թ., 20%-ով ավելի՝ 510 մլն օրինակ սմարթֆոն կհանի վաճառքի։










