Facebook-ը սեփական որոնողական համակա՞րգն է թողարկում
Բրիտանական Daily Mail պարբերականը, հիմնվելով շրջանառվող լուրերի վրա, նշում է, որ աշխարհի խոշորագույն սոցիալական կայքը՝ Facebook-ը, այսօր երեկոյան պատրաստվում է ներկայացնել իր սեփական որոնողական համակարգը, ինչը լուրջ մրցակից կլինի Google-ի համար։
Նման լուրերի շրջանառման համար առիթ է հանդիսացել ընկերության հետևյալ քայլը. այն բազմաթիվ հրավիրատոմսեր է ուղարկել լրագրողներին՝ նրանց խնդրելով «այսօր կեսգիշերին այցելել Facebook-ի գլխավոր գրասենյակ և տեսնել, թե ինչ են իրենք ստեղծում»։
Սկզբում համացանցում խոսվում էր այն մասին, որ սոցկայքը կներկայացնի սեփական բջջային հեռախոսը, սակայն այժմ պնդումները կանգ են առել Facebook-ի որոնողական համակարգի վրա։ Ըստ Pocket-Lint կայքի` իրենք հստակ տեղեկություններ ունեն, որ աշխարհի խոշորագույն սոցկայքն այնպիսի որոնողական համակարգ է ստեղծելու, որը տակնուվրա է անելու ամեն ինչ։
Բացի այդ, նույն կայքում նշվում է, որ որոնողական համակարգի աշխատելու մանրամասները դեռևս հայտնի չեն։ Pocket Lint-ն ընդգծում է, որ այդ տեղեկությունը ստույգ լինելու դեպքում մեծ գլխացավանք կլինի Google-ի համար։ Նախկինում նման մտահղացում իրականացրել է աշխարհի ամենախոշոր որոնողական համակարգ Google-ը՝ ստեղծելով Google+ սոցկայքը։
Այնուամենայնիվ, Daily Mail-y կոչ է անում զերծ մնալ գուշակություններից և մի քանի ժամ սպասել՝ իրականությունն իմանալու համար։










