Google-ի «գլխացավանքը»՝ Facebook-ը ներկայացրել է Graph Search որոնողական համակարգը

10:13 • 16.01.13

Աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Facebook-ը, իր հիմնադրի՝ Մարկ Ցուկերբերգի գլխավորությամբ երեկ կեսգիշերին ընկերության գլխավոր գրասենյակում ներկայացրել է Graph Search սեփական որոնողական համակարգը, որը, ըստ Ցուկերբերգի պնդման, լիովին կփոխի օգտատերերի կողմից սոցկայքի կիրառման ձևաչափը։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ ցուցադրելով Graph Search-ը՝ Ցուկերբերգն այն բնութագրել է որպես Facebook-ի 3-րդ հենասյուն՝ Timeline-ից և News Feed-ից հետո։

 

«Graph Search-ը միանգամայն նոր տարբերակ է մարդկանց համար՝  Facebook-ում տեղեկություններ ստանալու առումով։ Սկզբնական շրջանում այն հնարավորություն կընձեռի օգտատերերին որոնումներ իրականացնել 4 հիմնական կատեգորիաներում՝ մարդիկ, վայրեր, լուսանկարներ և հետաքրքրություններ։ Աստիճանաբար այդ կատեգորիաները կընդլայնվեն»,- հայտնել է սոցկայքի հիմնադիրը։

 

Նա նաև նշել է, որ Graph Search-ը վերջին ժամանակաշրջանում Facebook-ի կողմից իրականացված ամենախոշոր ծրագիրն է, որն իրականություն է դարձել հիանալի աշխատակազմի ջանքերի շնորհիվ։

 

Իսկ ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ Facebook-ի նորույթը լուրջ խնդիրներ կառաջացնի Google-ի համար և կտանի այս որոնողական համակարգի օգտատերերի զգալի մասին։
 

Google-ի «գլխացավանքը»՝ Facebook-ը ներկայացրել է Graph Search որոնողական համակարգը