Դիզայները ներկայացրել է Google-ի «խելացի» ժամացույցների կոնցեպտը (լուսանկարներ, տեսանյութ)
Գրաֆիկական դիզայներ Ադրիան Մակիբուրկոն ներկայացրել է Google-ի սենսորային ժամացույցների սեփական կոնցեպտը, որն ըստ հեղինակի՝ պետք է ունենա կլոր կամ քառակուսի ժամատախտակ, հեշտացված նավիգացիա, իսկ դրա արտաքին դիզայնը պետք է հիշեցնի Android-ը։
Ինչպես նշում է Вести-ն, Մակիբուրկոյի կայքում տեղադրված «գուգլաժամացույցների» լուսանկարներից կարելի է դատել, որ դրանց գործառույթներն էապես չեն տարբերվում սմարթֆոնից։
Դիզայների մտահղացման համաձայն՝ օգտատերը, կրելով այս աքսեսուարը, կարող է տեղեկանալ Google+ ցանցում ստացվող ծանուցումներից, ընդունել կամ մերժել դրսից եկող զանգերը, օգտվել ձայնային որոնումից, իմանալ օդերևութաբանական տվյալներ։
Անձամբ Google ընկերությունը դեռևս «խելացի» ժամացույցներ արտադրելու ցանկություն չի հայտնել, սակայն 2012թ. վերջին համացանցում տարածվել է մի տեղեկություն, համաձայն որի, ընկերությունը, այնուամենայնիվ, հետաքրքրված է այս ծրագրով։ Համացանցում տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ձեռքի ժամացույցները պետք է ունենան սենսորային էկրան, որի միջոցով հնարավոր կլինի օգտվել Gmail-ից, Google Maps-ից և այլ ծրագրերից։










