Rolls-Royce-ը Ժնևում կներկայացնի բացարձակապես նոր մոդել` Wraith-ը
Արքայական լիմուզինների բրիտանական արտադրողը` Rolls-Royce-ը հայտարարել է բացարձակապես նոր մոդելի պրեմիերայի մասին, որը կկայանա Ժնևի ավտոսրահի շրջանակներում` մարտին: Նորույթը կստանա Wraith անվանումը, հաղորդում է vesti.ru-ն:
Ներկայում Rolls-Royce-ի մոդելային շարքը բաղկացած է երկու հիմնական մոդելներից, որոնք ներկայացված են տարբեր կատարումներով` դրանք են Ghost-ը և Phantom-ը:
Վերջին տարիներին ընկերությունը միայն նոր մոդիֆիկացիաներ էր ավելացնում, և այդ պատճառով, նոր մոդելի պրեմիերան մեծ հնչեղություն է ստացել:
«Rolls-Royce Wraith մեր պրեմիերայի գագաթնակետը կլինի: Այն խիզախ դիզայն կստանա, անհավանական դինամիկա և երբևէ արտադրված ամենահզոր Rolls-Royce-ը կլինի»,– նման կերպ է բնորոշել նորույթը ընկերության ղեկավար Տորստեն Մյուլլեր-Օտվոսը:
«Մեքենայի առանձնահատկությունները կլինեն լյուքս-դասը, բարձրաճաշակությունը և բացառիկությունը, ինչը և իր 108-ամյա պատմության մեջ միշտ ունեցել է Rolls-Royce-ը: Այդ մեքենան կառանձնացնի ոչ միայն էլեգանտությունը, այլև հզորությունը, ոճն ու ազդեցությունը»,- ավելացրել է նա:
Wraith-ը «ամենա-ամենան» կդառնա ընկերության պատմության մեջ: Նորույթը պետք է ամրապնդի բրիտանական ավտոարտադրողի դիրքերը համաշխարհային ավտոշուկայի լյուքս սեգմենտում:
Հիշեցնենք, որ Rolls-Royce-ը անցած տարվա ցուցանիշներով, ավելի քան 200 հազար եվրո գնով մեքենաների սեգմենտում առաջին տեղը գրավեց:
Առաջիկա պրեմիերան նաև Wraith անվան դեբյուտը կլինի, որը 1938թ. սկսած չի կիրառվել: Անգլերենից թարգմանությամբ այն նշանակում է «ուրվական», «տեսիլք» կամ «ոգի»: Արտադրողը պնդում է, որ Wraith-ը լավագույնս է բնորոշում այդ մեքենային:










