Համացանցում իր աշխատանքն է սկսել Megaupload-ի նոր կայքը
Աշխարհում ամենախոշոր ֆայլափոխանակչի՝ Megaupload-ի հիմնադիր Քիմ Դոթքոմը հայտարարել է կայքի նոր տարբերակի բացման մասին, տեղկացնում է Russia Today-ը՝ հիշեցնելով, որ 1 տարի առաջ Megaupload-ը փակվել էր ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, իսկ Դոթքոմը՝ ձերբակալվել ՝ հեղինակային իրավունքների խախտման և փողերի լվացման մեղադրանքով։
Նոր կայքը կրճատել է իր անվանումը՝ դառնալով Mega, իսկ բացման օրը դրանում գրանցվել է մոտ 250 հազար օգտատեր։ Նրանցից յուրաքանչյուրին կայքն անվճար հիմունքներով տրամադրում է 50 գիգաբայթ՝ ինֆորմացիայի պահպանման համար։ Հատկանշական է, որ տարբեր ֆայլեր վերբեռնել կարող են միայն այն օգտատերերը, ովքեր նախօրոք որևէ ֆայլ են ներբեռնել Mega-ում։
«Այս կայքը փակելու բոլոր փորձերն անարդյունք են լինելու, քանի որ իրավաբանական տեսանկյունից դրա համար որևէ պատճառ չկա։ Mega-ն գործելու այնպիսի իրավունք ունի, ինչպես որ դրա մրցակիցներ Dropbox-ն ու Boxnet-ը»,-ասել է Դոթքոմը։
Megaupload-ի հին սերվերները ՝ ամբողջ պահպանված տեղեկություններով հանդերձ, դեռևս գտնվում են Միացյալ Նահանգների ոստիկնությունում։ Այժմ Դոթքոմը պայքարում է դրանք վերադարձնելու ուղղությամբ։










