Կենդանիներ, որոնք ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործում. Live Science

23:40 • 21.01.13

Պարզվում է՝ կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներ՝ ամենափոքր ճանճերից մինչև ամենալուրջ գիշատիչներ, մարդկանց պես զերծ չեն մնում ալկոհոլից և թմրանյութերից: Նրանց մոտ դա այլ առանձնահատկություններ ունի, որոնք ի մի է բերել Live Science-ը: 

 

Banisteriopsis caapi խաղողի որթի տերևներից են օգտվում յագուարները. այն հոգեմետ նյութ է պարունակում: Պիարոա ցեղի հնդկացիները կարծում են, որ խաղողի այս տեսակի տերևները ակտիվացնում են այդ կենդանիների որսորդական բնազդները: Հնդկացիներն իրենց հերթին հետևում են յագուարի օրինակին և օգտագործում Banisteriopsis caapi-ի տերևները՝ գիշերն ավելի լավ տեսնելու համար:

 

Թասմանիայի վալաբի կենգուրուներն իրենց փորձը ձեռք են բերում տեղի կակաչի դաշտերում: Կակաչի այդ տեսակը հերոինին մոտ նյութ է արտադրում:

 

Ձիերը թմրանյութերից «նախընտրում են» գալ (աստրագալ), որն աճում է ԱՄՆ-ի արևմուտքում: Ձիերը դա ընտրում են, քանի որ սովորական խոտից ավելի երկար է կանաչ մնում: Սակայն 5 շաբաթ շարունակ դա օգտագործելուց հետո ձիերը լարված, ապատիկ են դառնում ու քաշ կորցնում:

 

Ի տարբերություն յագուարի, փղին մարդիկ էին սովորեցրել ԷլԷսԴի-ին.1962-ին Օկլահոմայի կենդանաբանական այգու Տուսկո փղին 300 մգ ԷլԷսԴի ներարկվեց, ինչից կենդանին կատաղեց ու սկսեց վազվզել, ապա բնական կարիքը հոգաց ինքն իր վրա: Երբ գիտնականներն ԷլԷսԴի-ին հակազդող միջոց ներարկեցին, փիղը սատկեց: 300 մգ-ը հազարավոր չափաբաժինների կհերիքեր՝ մարդկանց դեպքում: Հետագայում գիտնականները հաշվարկեցին, որ փղերը կարող են ԷլԷսԴի ընդունել ու ողջ մնալ, բայց 80 մգ-ի դեպքում:

 

Նրանք խմում են ու թռչում. սա մրգակեր չղջիկների մասին է, որոնք օգտվում են մրգերի միջի խմորված ալկոհոլից: Կանադացի կենսաբանները պարզել են, որ հարբած չղջիկներն իրենց չխմած ցեղակիցների պես անսխալ կողմնորոշվում են թռչելիս:

 

Իսկ Մալայզիայում բնակվող Փետրապոչ տուպայան (սկյուռանման կաթնասուն), ըստ գիտնականների, խմելու հարցում բացառիկ է: Նրա «խմիչքը» տեղի արմավենիների խմորված նեկտարն է: Այս կենդանին գրեթե անհետացած է: Հենց դրա օրինակով գիտնականները կարծիք են հայտնել, որ մարդու և հին կենդանիների սերը ալկոհոլի հանդեպ խոր արմատներ ունի:

 

Պենսիլվանիայի պետական համալսարանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Drosophila մրգային ճանճերը էգերից մերժվելու 70 տոկոս դեպքում նախընտրում են գիտնականների առաջարկած ալկոհոլային շաքարաջուրը: Իսկ հարբելով՝ նրանց համար միևնույնն է դառնում իրենց զուգընկերոջ սեռը:

 

Վրձնապոչ թիթեռը, ավելի ճիշտ դրա թրթուրները, որոնք ապրում են կոկայի պլանտացիաներում, թմրանյութ են «օգտագործում»: Կոկա հարավամերիկյան բույսը կոկային է արտադրում, որը շատ միջատների սպանում է, եթե շատ են ուտում: Բայց նշված թիթեռն այնքան դիմացկուն է, որ Կոլումբիայի իշխանությունները ժամանակին մտադիր են եղել դրանցից «հատուկ բանակ» ստեղծել:

 

Ավստրալիայի լորի ցեղատեսակի թութակներն իրենց «խմելու սեզոնը» ունեն՝ հուլիս-օգոստոսից հոկտեմբեր-նոյեմբեր: Այդ շրջանում Ավստրալիայի հյուսիսում նրանց կարելի է տեսնել ծառերից վայր ընկնելի: Խմած թութակները նաև կորցնում են վախը մարդկանցից: Սակայն, ի տարբերություն մարդկանց, քնելով ուշքի չեն գալիս. նրանց կտուցից ու աչքերից արտադրություն է սկսվում և շնչառական խնդիրներ են ունենում հարբելուց հետո:
 

Կենդանիներ, որոնք ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործում. Live Science