ԱՄՆ-ն մտադիր է թանկարժեք մետաղներ արդյունահանել երկնաքարերից
Ամերիկյան Deep Space Industries ընկերությունը թանկարժեք մետաղների հանքարդյունահանման համար իր հայացքն ուղղել է դեպի տիեզերք, մասնավորապես՝ երկնաքարերը։ Ինչպես նշում է բրիտանական The Guardian-ը, ընկերությունը մտադիր է մի քանի տիեզերական սարք ուղարկել Երկրին առավել մոտ գտնվող երկնաքարերի վրա, ինչից հետո այդտեղից արդյունահանված մետաղները վաճառքի կհանվեն Երկրի վրա։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այդ ծրագիրը կիրականացվի 2015թ. և կտևի 2-6 ամիս, իսկ հաջողության դեպքում դրան կհաջորդի ավելի խոշոր ծրագիր, որն արդեն կտևի 1 տարի։
Մասնագետները նշում են, որ երկնաքարերից շատերը հարուստ են պլատինով, նիկելով, երկաթով և այլ թանկարժեք մետաղներով։ Deep Space Industries-ի հետ համագործակցող երկրաբան Մարկ Սոնտերը նշել է, որ գոյություն ունեն Երկրին մոտ գտնվող շուրջ 1.700 երկնաքարեր, որոնց հասնելն ավելի հեշտ է, քան Լուսնի վրա վայրէջք կատարելը։ Նրա պնդմամբ՝ այդ տիեզերական մարմինների վրա հայտնաբերվել են սիլիկատային մանրաքարից մինչև մետաղային համաձուլվածքներ ու ջուր։










