Թրթռացող ղեկերը վարորդներին և հեծանվորդներին կօգնեն քաղաքում կողմնորոշվել
Նևադայի համալսարանի աշխատակիցները հատուկ համակարգ են մտածել՝ սահմանափակ տեսանելիության դեպքում վթարներից խուսափելու համար: Գիտնականները ստեղծել են նոր ղեկային կառավարման համակարգ, որը թրթռումների միջոցով վարորդներին հուշում է, որ նրանք շեղվել են իրենց ճանապարհից: Այս մասին հայտնում է Вести-ն:
Համակարգը կողմնորոշվում է GPS նավիգատորի, տեսախցիկի, որը հետևում է մեքենայի ճանապարհին և վառ լույսերը գրանցող ցուցիչների միջոցով: Եթե համակարգի որոշի, որ վարորդը կուրացել է դիմացից եկող լույսերից, իսկ մեքենան շեղվում է ճանապարհից, ապա այն ղեկին ազդանշան է ուղարկում, որը սկսում է թրթռալ 275 հերց հաճախականությամբ:
Համակարգը նաև ցույց է տալիս, թե որ կողմ է շեղվում մեքենան: Եթե, մեքենան կտրուկ տեղափոխվում է դեպի ձախ, ապա թրթռում է ղեկի ձախ կողմը:
Մասնագետները կարծում են, որ համակարգը մեծ ներուժ ունի, և այն ժամանակի ընթացքում կարող է պարտադիր պայման դառնալ՝ անվտանգության բարձիկների նման:
Իսկ Ամստերդամի համալսարանի գիտնականները ստեղծել են GPS-նավիգատորով գոտի, որը տիրոջը հաղորդում է այն մասին, թե դեպի որ կողմ պետք է թեքվել: Սարքը հեծանվորդներին կօգնի ոչ միայն քաղաքում կողմնորոշվելուն, այլ կկրճատի նաև հեծանիվները վարելու արդյունքում ստացված վնասվածքները:
Համակարգն արդեն անցել է համապատասխան փորձարկումները և 2013 թվականի մարտին կներկայացվեն Intelligent User Interfaces կոնֆերանսի ժամանակ:










