Դրեզդենում վիրահատություններն իրականացնում է Da Vinci ռոբոտ-վիրաբույժը

13:28 • 24.01.13

Գերմանական Դրեզդեն քաղաքի համալսարանին կից հիվանդանոցի հպարտությունը Da Vinci անունով ռոբոտ-վիրաբույժն է, որն իրականացնում է բարդ վիրահատություններ։

 

Ինչպես նշում է Euromag-ը, «բժիշկը» փոքր-ինչ նման է 4 շոշափուկներով ութոտնուկի։ Սակայն ի տարբերություն սովորական ութոտնուկի, Da Vinci-ի շոշափուկները բարձրտեխնոլոգիական են և շարժվում են միլիմետրի ճշտությամբ։ Ռոբոտ-վիրաբույժի էլեկտրական ձեռքերը, որոնց ծայրերին կան գերբարակ վիրահատական գործիքներ, հատուկ սարքավորման միջոցով ղեկավարում է 2 բժիշկ։

 

Ինչպես նշում է Bild պարբերականը, Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մանֆրեդ Վիրսը Da Vinci-ի օգնությամբ արդեն 6 վիրահատություն է անցկացրել և բավական գոհ է ստացված արդյունքներից։

«Փաստորեն, հնարավոր է դարձել լուրջ վիրահատություներ կատարել ուրոլոգիայի, գինեկոլոգիայի ոլորտներում՝ չանելով մեծ կտրվածքներ և հիվանդի ցավի զգացողությունները զգալի կրճատելով»,-նշել է Վիրսը։

 

Da Vinci-ն հատկապես օգտակար կլինի քաղցկեղի, արգանդի, ենթաստամոքսային գեղձի և աղիքային բարդ վիրահատությունների ժամանակ։ Ռոբոտ-վիրաբույժը ձեռք է բերվել 2 մլն եվրոյով։
 

Դրեզդենում վիրահատություններն իրականացնում է Da Vinci ռոբոտ-վիրաբույժը