Հաջորդ սերնդի Audi А8-ը կկարողանա առանց վարորդի միջամտության երթևեկել (տեսանյութ)
Նոր սերնդի Audi А8-ը, որն արդեն 2016թ. կհայտնվի վաճառքում, ավտոնոմ կառավարման համակարգ կունենա: Այն ունակ է ամբողջությամբ վերահսկել մեքենան մինչև 60կմ/ժ արագությունների պարագայում, և հիանալի միջոց է խցանումները հաղթահարելու համար, հաղորդում է Auto Motor und Sport պարբերականը:
Audi-ում նշում են, որ նոր համակարգը սերիական կդառնա, քանի որ այն համեմատաբար շատ ցածր գին ունի: Մեքենայի ղեկային համակարգում կամ արգելակներում որևէ փոփոխություն չի կատարվում, դրանք նույնը կմնան:
Ինքնակառավարման համար մեքենան լազեր, ռադար, 8 ուլտրաձայնային հաղորդիչներ և լայնանկյուն տեսախցիկ կօգտագործի:
Համակարգի առանցքային տարրերից է լազերը, որը գերմանացիները մշակել են Automotive Systems և Valeo ընկերությունների հետ համատեղ:
Այդ սարքը նախագծողները կարողացել են այնքան կոմպակտ դարձնել, որ այն հնարավոր է աննկատ տեղակայել ռադիատորի քողարկիչում: Իսկ լազերի գինը մի քանի հարյուր եվրո կկազմի:
Փորձարկումների ժամանակ, այդ համակարգով Audi А8-ը 37 հազար կիլոմետր է անցել առանց մարդու միջամտության և ապացուցել իր հուսալիությունը:










