Չինական Lenovo-ն կարող է գնել BlackBerry-ն

18:07 • 25.01.13

Չինական էլեկտրոնիկա արտադրող Lenovo ընկերությունը քննարկում է կանադական Research in Motion ընկերությունը գնելու հարցը, որը թողարկում է BlackBerry սարքեր, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով Lenovo-ի ֆինանսական գծով տնօրեն Վոնգ Վայ Մինին։

 

Նա չի բացառում այն տարբերակը, որի դեպքում չինացիները կընտրեն RIM-ը որպես գործընկեր՝ ռազմավարական դաշինք ձևավորելու նպատակով։


2011թ. BlackBerry արտադրողին գնելու առաջարկ են արել Microsoft, Nokia և Amazon ընկերությունները, սակայն նրանք բոլորը մերժվել են։

 

Այժմ RIM-ը գտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ։ iPhone և Android սարքերի «հարձակումից» հետո, 2008թ.-ից սկսած ընկերությունը կորցրել է շուկայական արժեքի մոտ 95%-ը։ BlackBerry-ի ամենահավատարիմ երկրպագուներն են շարունակում մնալ կորպորատիվ օգտատերերն ու պետծառայողները, ովքեր գնահատում են այս սմարթֆոնները՝ անվտանգության բարձր մակարդակի համար։

 

Ընկերության ապագան կորոշվի հունվարի 30-ին։ Այդ օրը կներկայացվի 2 նոր սմարթֆոն՝ BlackBerry 10 օպերացիոն համակարգի հիման վրա, որոնք վաճառքում կհայտնվեն փետրվարից։ Եթե նորույթները հաջողություն չունենան, ապա չի բացառվում, որ ընկերության մի մասը կվաճառվի մեկ այլ արտադրողի։
 

Չինական Lenovo-ն կարող է գնել BlackBerry-ն