ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համաձայնագիր է կնքվել
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) և ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) (ք. Դուբնա) միջև կնքվել է գիտության, նորամուծությունների և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը,
այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ՄՀՄԻ-ի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Մատվեևը:
Համագործակցության ուղղություններն են` տարրական մասնիկների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, խտացված վիճակի ֆիզիկայի, նյութաբանության, նանոտեխնոլոգիաների, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ հետազոտությունների զարգացման ուղղությամբ համադասված գործողությունների և փոխհամաձայնեցված միջոցների ձեռնարկումը, համատեղ գիտական խմբերի և կոլեկտիվների ստեղծումը և այլն:
Ինչպես հանդիպման ընթացքում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, դեռ խորհրդային տարիներից սկսած լավ նախադրյալներ կան համագործակցության համար: Հայ ֆիզիկոսները մասնակցում են ՄՀՄԻ-ի ծրագրերի իրականացմանը, գիտաժողովներին, փորձի փոխանակմանը: Ներկայումս ՄՀՄԻ-ում աշխատում են ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտնականները:
ՄՀՄԻ-ի տնօրեն Վիկտոր Մատվեևը ներկայացրել է հեռանկարային գիտական ուղղությունները, որոնք այժմ առաջնահերթային են ՄՀՄԻ-ի համար և հայ գիտնականներին հրավիրել մասնակցելու ինստիտուտի աշխատանքներին:
Ռադիկ Մարտիրոսյանը Վիկտոր Մատվեևին հրավիրել է մասնակցելու ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որ տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին:










