Հռոմի Պապը սմարթֆոնների համար սեփական հավելվածը կթողարկի
Կաթոլիկ եկեղեցին, բարոյականության պահպանման և միասեռ ամուսնությունների օրինակացումը ճնշելու պայքարի շրջանակներում, յուրացրել է համակարգչային աշխարհի ամենաթարմ նորարարությունները։
Ինչպես նշում է Euromag-ը, արդարության, կյանքի, խաղաղության և ընտանիքի մասին հոգևորականները կքարոզեն ոչ միայն սոցցանցերի, այլ արդեն նաև նոր հավելվածի միջոցով։ Այս տեխնիկակական նորարարությունն առաջինը յուրացրել է անձամբ Բենեդիկտոս 16-րդը։
Անցած տարվա դեկտեմբերի կեսերին le Pape alias @Pontifex նիկով սոցկայքում հայտնված Հռոմի Պապը որոշել է կանգ չառնել ձեռք բերածի վրա և սեփական հավելվածը թողարկել հատուկ սմարթֆոնների համար։ Թե՛ iPhone-ի և թե՛ iPad-ի համար հասանելի The Pope App հավելվածը բացարձակապես անվճար կլինի բոլոր օգտատերերի համար։
Շնորհիվ պարբերաբար թարմացվող 9 հիմնական բաժինների՝ հավատացյալները կկարողանան ոչ միայն կարդալ վերջին լուրերն ու մեկնաբանությունները, այլ նաև դիտել տեսանյութեր, որոնք նկարահանվել են 6 տարբեր սրբավայրերում տեղադրված տեսախցիկներով։
Սա հիանալի հնարավորություն է ժամանակակից գաջեթների բոլոր տերերի համար իրազեկված լինել կրոնական աշխարհի բոլոր իրադարձություններից՝ առանց մեկ եվրոցենտ ծախսելու։
Ինչպես նշում է Le Parisien-ը, Բենեդիկտոս 16-րդն արդեն ծրագրել է մի նոր հավելված թողարկել, որը հասանելի կլինի Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքավորումների համար։










